«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 20–ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է:

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքները շատ են՝ փաստում են երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կառույցների ղեկավարները:

«Մանկական զարգացման հիմնադրամ» ՀԿ նախագահ Լուսինե Սիմոնյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք խնդիրներ դեռ լուծված չեն:

«Եթե խոսում ենք երեխաների 42% աղքատության, 11% հարկադիր աշխատանքի եւ աշխատանքի պատճառով երեխաների կրթությունից դուրս մնալու մասին, եթե մենք խոսում ենք զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կրթությունից դուրս մնալու մասին, ուրեմն՝ անելիքներ դեռ կան»,– ասաց նա:

Սիմոնյանի խոսքով՝ երեխան պետք է բոլոր իրավունքներից հավասարապես օգտվի՝ եւ՛ կրթական, եւ՛ առողջապահական:

...Ի դեպ, Հայաստանում բազմաթիվ համայնքներ կան, որտեղ մանկապարտեզ չկա, երեխաները զրկված են նախադպրոցական կրթությունից:

Տեղեկացնենք, որ «World Vision» եւ «Save the Children» կազմակերպությունների անցկացրած հարցումներով՝ հարցված երեխաների 49%–ի կարծիքով՝ երբ իրենք բռնության են ենթարկվում, չգիտեն ուր դիմել: 11%–ն էլ դպրոց չի հաճախում, որովհետեւ աշխատում են եւ օգնում ծնողներին: Երեխաների 86%–ն էլ գտնում է, որ իրենց իրավունքների ոլորտում կառավարությունն անելիքներ ունի: Իսկ հարցված երեխաների 84%–ը դրական է տրամադրված ապագայի նկատմամբ:

Հավելենք նաեւ, որ ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Երեխաների պաշտպանության համաշխարհային օրվա զեկույցում նշվում է, որ աշխարհում կտրուկ ավելացել են 180 միլիոն երեխաների՝ աղքատության մեջ ապրելու, բռնության հետեւանքով զոհվելու դեպքերը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում