Ռուս տիեզերագնաց-օդաչու, ՌԴ հերոս Սերգեյ Ռյազանսկին ֆեյսբուքյան իր էջում կրկին հրապարակել է Միջազգային տիեզերակայանից արված Հայաստանի լուսանկարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս անգամ նրա նկարում պատկերված է Սևանա լիճը:
«Սևանա լիճը Հայաստանում և կովկասյան տարածաշրջանում ամենամեծ ջրային տարածքն է, այն նաև Եվրասիայում ամենաբարձր և մեծ քաղցրահամ լիճն է: Լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա»,- հրապարակման մեջ գրել է տիեզերագնացը:
Ավելի վաղ նա հրապարակել էր Երևանի լուսանկարները՝ արված տիեզերքից: «Երևանը նման չէ մյուս մայրաքաղաքներին, մարդիկ այստեղ չեն շտապում, քաղաքն իր չափավոր տեմպով է շարժվում։ Իսկ Երևանի խորհրդանիշերից մեկը՝ Կասկադը, երկրի սահմաններից դուրս էլ լավ հայտնի է»,- գրել էր նա: