«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն 2017թ. սեպտեմբերի 7-ին դիմում էր հղել ՀՀ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը՝ խնդրելով պարզել ՀՀ Ոստիկանության գործողությունների իրավաչափությունը՝ կապված ասմունքող Լիանա Զուրաբյանի անձնական տվյալները պարունակող աղմկահարույց տեսանյութի հրապարակման հետ և իրականացնել օրենքով սահմանված վարչարարություն՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի այդօրինակ խախտումները կանխելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերի 5-ին Ոստիկանությունը Youtube կայքի «POLICE RA Vostikanutyun» ալիքում հրապարակել էր «Լիանա Զուրաբյան» վերնագրով տեսանյութ, որը ձեռք էր բերվել Ճանապարհային ոստիկանության տեսուչների համազգեստի վրա առկա անհատական տեսախցիկների միջոցով: Այսինքն, Ոստիկանությունը ձեռք բերելու, պահպանելու, օգտագործելու և տարածելու միջոցով մշակել էր Լիանա Զուրաբյանին և նրա դստերը վերաբերող անձնական տվյալներ:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» գրության առիթով Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն օրերս որոշում է կայացրել, որով արձանագրում է, որ Ճանապարհային ոստիկանության տեսուչների անհատական տեսախցիկներով տեսաձայնագրում իրականացնելն օրինական է, սակայն տեսաձայնագրությունները հրապարակելը հակասում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին:

Արդ, ոստիկանությունը այլևս չի կարող հրապարակել կամ այլ անձանց փոխանցել Ճանապարհային ոստիկանության տեսուչների անհատական տեսախցիկներով նկարահանված տեսանյութերը:

Հավելենք, որ վերոնշյալ տեսանյութն արդեն հեռացվել է ՀՀ Ոստիկանության յութուբյան ալիքից:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»