Այսօր' մարտի 8-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի հանձնարարականով Երևանի ՃՈ աշխատակցի կողմից 30.000 դրամով վարչական պատասխանատվության ենթարկվեց Ոստիկանության գնդապետ Արա Շահնազարյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Պահպանության միավորման Նոր Նորքի բաժնի պահպանության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արա Շահնազարյանը, իրեն զգալով ձուկը ջրում, արհամարհում էր օրենքը և «Լեքսուս» մակնիշի 01 SQ 001 համարանիշի ավտոմեքենայով կարող է երթևեկել հանդիպակաց երթևեկելի գոտիով:

Մարտի 6-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներ էր արել, թե ինչպես է ոստիկանության գնդապետ Ա. Շահնազարյանը խախտում երթևեկության կանոնները, իսկ նշված «Լեքսուս»-ը հաշվառված է գնդապետի անունով:

Ըստ ֆոտոլրագրողի՝ օրինախախտ գնդապետ Ա. Շահնազարյանը նախկինում Ճանապարհային ոստիկանությունում պատասխանատու պաշտոններ է վարել և, վա՛յ մեզ, որ նա պետք է հսկողություն իրականացներ օրինախախտ վարորդների նկատմամբ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի