Շիրակի մարզի խոշորացված Մարմաշեն համայնքում, որտեղ համայնքի ղեկավար է ընտրվել դաշնակցական Կարեն Արշակյանը, ավագանու անդրանիկ նիստը բոյկոտվել է․ նորընտիր ավագանու 11 անդամներից 6-ը դեմ են քվեարկել օրակարգին՝ պատճառաբանելով, որ նախապես ծանոթ չէին։ Այնուհետև 1 ժամ ժամանակ են խնդրել ու դուրս գալով՝ այլևս չեն վերադարձել։ Այդ նիստին, ի դեպ, մասնակցում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը։ Շիրակի մարզում համառորեն լուրեր են շրջանառվում առ այն, որ բոյկոտի հետևում ՀՀԿ-ականներն են կանգնած, և որ այս համայնքում ՀՀԿ-ն պարտվելով, դառնում է ընդդիմություն։ Հիշեցնենք, որ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցում էին 4 թեկնածուներ, որոնցից երկուսը ՀՀԿ-ականներ են՝ Մարմաշենի նախկին գյուղապետ Աշոտ Եղոյանը և Քեթիի նախկին գյուղապետ Թորգոմ Սահակյանը։ Նրանք պարտվեցին դաշնակցական Կարեն Արշակյանից։ Ի դեպ, ՀՀԿ-ն պաշտոնապես սատարում էր Քեթիի նախկին գյուղապետ Թորգոմ Սահակյանին։
ՀՀԿ-ն Մարմաշենում հայտնվել է իրեն ոչ բնորոշ՝ ընդդիմության կարգավիճակում և Մարմաշենում դրսևորում է մի պահվածք, որի համար անխնա քննադատում է ընդդիմադիր ուժերին՝ մեղադրելով ավագանու աշխատանքները խոչընդոտելու մեջ: Իրականում՝ հանրապետականները ծանր են տարել անգամ համայնքի մակարդակով իշխանության լծակների հանձնելը ՀՅԴ-ին: Տեղի հանրապետական կառույցը նեղսրտած է հատկապես մարզպետ Խաչատրյանից, քանի որ կասկածներ ունեն՝ վարչական լծակներ են գործի դրվել, արդյունքում՝ ՀՀԿ թեկնածուն պարտություն է կրել, տեղական կառույցի ղեկավարներից էլ Կենտրոնից բացատրություններ են պահանջել: Թերևս ՀՀԿ-ում վստահ են, որ վարչական ռեսուրսի օգտագործելը նեղ քաղաքական նպատակներին հասնելու համար՝ իրենց բացառիկ մենաշնորհն է, դա է պատճառը որ դեմարշ կազմակերպեցին, չքաշվելով անգամ մարզպետի ներկայությունից: Դժվար չէ ենթադրել, որ նման պահվածքի «դաբրոն» ավագանու ինքնագործունեության արդյունքը չէր, այլ համաձայնեցված էր վերևների հետ: Մեկ անգամ ևս կոալիցիոն գործընկերոջը իր տեղն են ցույց տալիս: Մնում է, որ ՀՅԴ-ի համար այս փոքր հաղթանակը հետագայում չվերածվի ավելի մեծ պարտության:
Ստելլա Խաչատրյան