«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Նոյեմբերի 19-ի երեկոյան Բագրատաշենի սահմանային անցակետում ԱԱԾ սահմանապահները դաժան ծեծի են ենթարկել մի քաղաքացու:
Մեր տեղեկություններով՝ այդ օրը Բագրատաշենի սահմանային անցակետում ՀՀ ԱԱԾ սահմանապահները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես Բենց» մակնիշի մի ավտոմեքենա: Նրանց պահանջով ուղեւորը բացել է մեքենայի բեռնախցիկը: Մեքենայի վարորդը՝ 34-ամյա Ա. Կիրակոսյանը տեսնելով, որ ընկերոջ հետ սահմանապահները կոպիտ են խոսում, իջել է մեքենայից եւ փակել մեքենայի բեռնախցիկը, ինչից հետո վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել վարորդի ու սահմանապահների միջեւ: Վարորդն էլ զանգահարել է աներորդուն՝ Կ. Շիվանյանին եւ կանչել մաքսակետ՝ օգնության: Երբ Շիրվանյանը ժամանել է, սահմանապահները 15 հոգով նրան դաժան ծեծի են ենթարկել՝ աշխատասենյակից աշխատասենյակ տեղափոխելով:
Ծեծից հետո տղամարդն իր մոտ եղած դանակով վնասել է սահմանապահներից մեկի կոկորդը, վերջինս, սակայն թեթեւ քերծվածք է ստացել: Նրան համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել: Սահմանապահների կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետեւանքով Շիրվանյանը մարմնական բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Ի դեպ, ծեծկռտուքին բազմաթիվ անձինք են ականատես եղել:
Այժմ կա հարուցված քրեական գործ՝ սակայն ոչ թե ԱԱԾ-ականների գործողությունների փաստով, այլ նրանցից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով (ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մաս. պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով): Նա կալանավորվել է:
Թե ինչն է եղել սահմանապահների եւ նրանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի պատճառը, դեռ պարզ չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում