Նման դատավարություն Սամվել Բաբայանի դեմ մեկ էլ եղել է Բաքվում: Այս մասին այսօր Սամվել Բաբայանի դատավարությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Համախմբում» կուսակցության քաղաքական խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը:

«Քաղաքական առումով՝ բոլորի համար էլ պարզ  է, թե ինչ է տեղի ունեցել, հաշվի առնելով այն, թե երբ տեղի ունեցավ ձերբակալությունը, ինչ պայմաններում և ինչպիսի մեղադրանքով: Ունենք ենթադրության վրա հիմնված քննության եզրակացություն: Չներկայացվեց հանցագործության, այսպես կոչված, մոտիվը: Հասկանալի չդարձավ՝ եթե ինչ-որ գործողություն արվել է, ինչի՞ համար է արվել: Իսկ դա պարտադիր պայման է իրավական գործընթացի համար: Հիշեցնեմ՝ նույն բանը տեղի ունեցավ 1991 թ.-ին՝ Բաքվում, երբ Սամվել Բաբայանին ձերբակալել էին ինքնապաշտպանություն կազմակերպելու համար: Մոտավորապես նման դատավարություն Սամվել Բաբայանի դեմ մեկ էլ Բաքվում է եղել»,- ասաց Թևանյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ծախսում, որպեսզի Ղարաբաղը ներկայացնի որպես ռազմական բանդա, ապօրինության կենտրոն, որը պայքարում է իշխանության դեմ:

«Պարզ է, որ Բաբայանի գործը հասնելու է եվրադատարան և կարելի է պատկերացնել, թե դրանից ինչ են շահելու ադրբեջանցիները: Մեր բանակը ներկայացրած մարդուն ներկայացնելու են որպես զենքի և փողերի լվացման գործերով զբաղվող հանցագործ: Սա մեծ հարված է Հայաստանի հնարապետությանը»,- նշեց Թևանյանը՝ ընդգծելով, որ այսօր կայացված քաղաքական որոշումը հարված է նաև դատական իշխանությանը: