Նոյեմբերի 29-ին բացվեց ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության նոր վարչական շենքը։ Կարծես թե ամեն բան հրաշալի է. վարչական շենքն ամբողջությամբ վերանորոգվել է, կահավորվել անհրաժեշտ տեխնիկայով, կան առանձին քննչական սենյակներ՝ նախատեսված անչափահասների հարցաքննության, ճանաչման գործողության համար: 

Սակայն մեր ուշադրությունը գրավեց հատկապես անչափահասների հարցաքննության համար նախատեսված սենյակի պատին ամրացված լուսանկարը: Սենյակի պատին փակցված է Վինի Թուխի մուտֆիլմի հերոսների լուսանկարը և մի երկտող՝ «Կյանքը երազ է, աշխարհը` հեքիաթ: Ապրիր այս հեքիաթ-երազ աշխարհում ու մի տրտնջա: Դաստիարակության գործում լավագույն միջոցը երեխաների հոգում որևէ լավ զգացմունք արթնացնելն է»:  

Թե իրականում ինչ ենթատեքստ ունեն սենյակի պատին ներկայացված հեքիաթի հերոսի պատկերն ու երկտողը՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից:

«Սենյակում մի շարք երկտողեր կան գրված, որոնք նախատեսված են տարբեր տարիքային խմբերի համար: Անչափահասների համար նախատեսված սենյակում հարցաքննվում են անչափաս երեխաները: Գունազարդ նկարներով այնպիսի միջավայր է ստեղծված, որպեսզի երեխաները կարողանան ավելի անկաշկանդ մթնոլորտում հարցաքննվել և չճնշվել, որպեսզի տպավորություն չլինի, թե քննչական վարչությունում են»,- նշեց նա՝ ավելացնելով, որ երկտողերն ունեն ուսուցողական նպատակ:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք մանկահասակ երեխան կարո՞ղ է հասկանալ և ընկալել դրանց իմաստը, Տռուզյանը նկատեց, որ այդ տողերը, բնականաբար, ուղղված են պատանեկության տարիքում գտնվողներին. «Առանձին գործերով հարցաքննվում են նաև մանկահասակ երեխաները, նայած՝ ինչ հանցատեսակ է տեղի ունեցել: Ցավոք, մենք ունենք դեպքեր, երբ հանցագործության զոհ են դառնում նաև մանկահասակ երեխաները: Նրանք իհարկե օրենքով սահմանված կարգով հոգեբանի, ներկայացուցչի մասնակցությամբ են հարցաքննվում: Քննչական բոլոր ստորաբաժիններում մենք նախատեսում են հարցաքննությունների սենյակներ՝ երեխայի շահը լավագույնս պաշտպանելու նկատառումներից ելնելով»,- նշեց Տռուզյանը:

Սոնա Հարությունյան