«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում քննարկվել են 2013-ի մայիսի 5-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցությանն առնչվող հարցեր:

ՕԵԿ քաղխորհուրդը հաստատել է համամասնական ցուցակի առաջին եռյակը: Ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԻ նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը: Ցուցակի երկրորդ համարն է ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, երրորդը՝ բանաստեղծուհի Սոֆյա Արթենյանը:

Լուրեր.com-ի զրուցակիցն է Հովհաննես Շահինյանը:

- Պարո՛ն Շահինյան, ինչպե՞ս եք պատրաստվում ավագանու ընտրություններին, ի՞նչ ակնկալիքներ ունեք, ի՞նչ ծրագիր:

- Մեր համամասնական ցուցակի 3 համարներն արդեն հաստատված են: Կարող եմ ասել, որ բավական մրցունակ թիմ է ձևավորվել: Ընտրվել են այնպիսի թեկնածուներ, ովքեր ունեն կազմակերպչական և կառավարական ջիղեր: Յուրանքանչյուրն իր ոլորտում արդեն իսկ կայացած թեկնածուներ են: Ես վստահ եմ, որ ՕԵԿ-ը մայրաքաղաքում կստանա վստահության քվե:

Ցուցակի առաջին համարի մասին էլ ասեմ, որ նա մի մարդ է, ով շարքայինից դարձել է գեներալ և այսօր ղեկավարում է կառավարության նախարարություններից մեկը՝ ԱԻՆ-ը: Մենք բոլորս ենք ականատես եղել, թե ինչպիսի բարեփոխումներ են եղել նրա պաշտոնավարման ժամանակահատվածում, քանի որ պարոն Երիցյանն ունի կազմակերպչական և կառավարչական ջիղ:

Ծրագրի մասով ասեմ, որ այն լինելու է փաստարկված: Դա չի լինելու պոպուլիստական, այլ լինելու է վերլուծական ծրագիր:

- ՕԵԿ-ը վերջին 15 տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել թե՛ համապետական և՛ թե տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրություններին: Դուք որքանո՞վ եք կարևորում ՏԻՄ ընտրությունները:

Ի սկզբանե, երբ քննարկվում էր Երևանի մասին օրենքը, որ թաղային համայնքը պետք է փոխակերպվի, դառնա մեկ համայնք, ես ինքս դեմ էի այդ օրենքի կիրառմանը: Ես ավելի շատ կողմնակից եմ, որ պետությունը, կառավարությունը, մարզպետարանները հնարավորինս ապակենտրոնացվեն, իրենց լիազորությունները զիջեն տեղական ինքնակառավարման մարմիններին, որովհետև այդ թաղային համայնքները, որ փոխարինվեցին Հայաստանում մեկ համայնքով, ես չէի կարծում, որ դա է լավագույնը, բայց դա էլ է տարբերակ:

Ես հայտնեցի իմ անձնական տեսակետը: Այսօր մայրաքաղաքը բազմաթիվ խնդիրներ ունի, բայց այնպես չի, որ գալու է մի ուժ, և այդ խնդիրներն այլևս չեն լինելու: Խնդիրները պետք է հետևողական և ծրագրավորված լուծվեն:

- Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

- Չկա մի ոլորտ, սկսած տրանսպորտից, սպորտից, մշակույթի նախարարություից, համատիրություններից, որի համար կարողանանք ասել, որ բավարարից բարձր է:

Այսօր շատ խնդիրներ կան: Օրինակ՝ հենց համատիրությունների հետ կապված: Համատիրությունները համասեփականատերերի կողմից ստեղծված ընկերություններ են, իրենք են որոշում իրենց շենքի բյուջեն, իրենք են որոշում իրենց խնդիրների առաջնահերթությունները, իրենք են որոշում, թե ով է լինելու այդ համատիրության ղեկավարը:

Մեր քաղաքացիների, երևանցիների մոտ մեծ չէ վստահությունը դեպի համատիրությունները, մենք այդ մարմինը դարձրել ենք ընտրություններին աջակցող մարմին, ինֆորմացիա տվող, թե տվյալ շենքում ով է ապրում, ով չի ապրում:

ՕԵԿ-ը բավական լուրջ կազմով կներկայանա ավագանու ընտրություններում, և մենք մեր քարոզարշավի շրջանակում կխոսենք այդ ամենի մասին ավելի փաստարկված և կներկայացնենք մեր առաջարկությունները, թե ինչպես ենք տեսնում այդ հարցերի լուծումները:

- Պարո՛ն Շահինյան, Դուք ՕԵԿ անդամ եք դարձել անցյալ տարվա դեկտեմբերին: Արդարացե՞լ են Ձեր սպասելիքները, որոնցով գնացել էիք ՕԵԿ:

- ՕԵԿ-ն իր անցած ճանապարհին մշտապես եղել է պետության և ազգի կողքին: ՕԵԿ-ը բազմաթիվ օրենքների համահեղինակ է, որոնք կարևոր նշանակություն են ունեցել մեր քաղաքացիների համար: ՕԵԿ-ը երբեք վնաս չի տվել: Ես գիտեմ՝ կուսակցությունը հետևողականորեն մի քանի տասնյակ քաղաքական ուժերի կողմից ծեծվել և քարկոծվել է, քննադատվել է, բայց ինչի՞ համար, որ ՕԵԿ-ը երկու տասնյակից ավելի ուժերի չի՞ միանում. դե եթե ՕԵԿ-ը չի միանում, ուրմեն լա՞վը չէ, որ միանա՞, ուրմեն լա՞վն է:

Կուսակցության ղեկավարն այն ժամանակ հավաքել էր շատ ձայներ, Արթուր Բաղդասարյանը 39 տարեկան էր, իսկ այդ երկու տասնյակ ուժերի ղեկավարը՝ 63 (նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյանին և ՀԱԿ դաշինքը. խմբ.):

Ո՞րն էր տրամաբանականը: Միանալ երիտասարդ գործչին, թե՞ դառնալ թիրախ: Ի՞նչն ենք քննադատում: Դա դարձավ խրոնիկ հիվանդություն, և քանի որ իրենք միայն հասկանում են քաղաքագիտական վերլուծություն և երկխոսություն ասվածը, այդ պատճառով էլ կորցրեցին իրենց ընտրազանգվածի մեծ մասը: Նրանք ներկայանալի, հարթակում խոսելու, հարթակը զբաղեցնելու, միտինգի եկած քաղաքացիներին այնտեղ պահելու համար այլևս նյութ չունեին, նրանք ընտրել էին ՕԵԿ-ին քննադատելը:

ՕԵԿ-ը մաքսիմալ զերծ է մնացել քրեաօլիգարխիկ շփումներից: ՕԵԿ ղեկավարն ունցեցել է այնքան կամք, որ երիտասարդ տարիքում կամավոր հրաժարական է տվել պետության երկրորդ կարևոր պաշտոնից՝ ԱԺ նախագահի պաշտոնից, բայց կարող էր մնալ և իր պայքարը շարունակել: Նա հրաժարվեց իր պաշտոնից, բայց կարողացավ պահել իր թիմը:

Ես գնահատել եմ այս ամենը և այդ մարդկանց անցած ճանապարհը: Ինքս, քաղաքաղական գործընթացներին ներկա մարդ լինելով, ունենալով իմ գաղափարները, մտածել եմ, որ կարող եմ այդ կուսակցություն իմ ծրագրերը ներկայացնել, միանալ նրանց ծրագրերին և առաջ գնալ: