Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցու հիմքի ուսումնասիրման ժամանակ գաղտնարան է հայտնաբերվել: Այս մասին նշեց Դադիվանքի վերականգնման նախագծերի հեղինակ, ճարտարապետ Սամվել Այվազյանը:
«Վերականգնման աշխատանքների շրջանակում իրականացվում էր հիմքերի ուսումնասիրություն, երբ գաղտանարան հայտնաբերվեց: Այդ թաքստոցը եկեղեցու ներսում՝ հարավային պատիկ տակ է: Այդ գաղտանարանը զմռսված էր, և մինչ այժմ այն ուսումնասիրված չէ: Որոշվեց, որ եկեղեցու վերականգնման նախագծում ներառվի նաև այս գաղտանարանի ցուցադրումը: Այսինքն՝ ոչ միայն պետք է ամբողջական եկեղեցին վերականգնվի, այլև պայմաններ ստեղծվեն այդ թաքստոցը ցուցադրելու համար: Նախատեսված է դնել ապակեպատ ծածկ, բացվող դռնակ, լույսեր»,-ասաց Սամվել Այվազյանը:
Նա տեղեկացրեց, որ գաղտանարանը հայտնաբերելուց հետո հրավիրել են հնագետի: Այժմ մասնագետներն ուսումնասիրում են` հասկանալու, թե ինչի համար է ծառայել այդ գաղտնարանը:
Ինչ վերաբերում է Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցու վերականգնման աշխատանքներին, ապա Սամվել Այվազյանը նշեց, որ վերականգնման նախագիծն ամբողջությամբ ավարտված է:
«Այս ընթացքում աշխատանքներ տարվեցին դետալների, նյութերի հայթայթման ուղղությամբ: Կարելի է ասել, որ քարի հայթայթման հարցը կարգավորվեց: Իրականում այդ քարատեսակից չկար, բայց մի տեղ գտնվեց, որտեղ կան պահանջվածին շատ նման քարեր: Այսօր խնդիր ունենք կղմինդրի հետ կապված: Քանի որ այն ստանդարտ չէ, հետևաբար գտնելը դժվարացավ: Եկար չարչարվեցինք, փնտրեցինք, և հիմա գտնվեց մեկը, ով համաձայնել է փորձնական սարքել: Վերջնական ինչ-որ բան ասելու համար այդ աշխատանքի արդյունքը պետք է տեսնել»,-ասաց Սամվել Այվազյանը: Նրա խոսքով, քանի որ ներկայում եղանակային պայմանները բարենպաստ չեն, հետևաբար եկեղեցու բուն վերականգնման աշխատանքները սկսվեն հաջորդ տարվա գարնանը:
Անդրադառնալով կառույցի վիճակին, Սամվել Այվազյանը նշեց, որ այն կանգնուն է, ներկայում վտանգ չի սպառնում, պարզապես արդեն քայքայվել է վրայի ծածկը, և չաքեր են առաջացել: Այս միջոցառումներն իրականացվում են հետագայում լուրջ խնդիրներից խուսափելու համար:
Դեռևս 2000 թվականին եղել է Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցու վերականգնման ծրագիր, այն ժամանակ այդ նույն նախագծով շինարարական որոշակի աշխատանքներ կատարվել են, բայց ավարտին չեն հասցվել: Ներկայիս ծրագրի գլխավոր նպատակն է՝ եկեղեցու ամբողջական վերականգնումն՝ իր պատմական տեսքին առավելագույնս մոտ: