Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում երեկ աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Պաշտոնական այս տեղեկատվությունն ավելի քիչ է բացահայտում Սերժ Սարգսյանի այցի բովանդակությունը, քան նրա այցը լուսաբանող լուսանկարները` զինվորական հանդերձանքով: Բանն այն է, որ զինվորական կեցվածքը, որպես կանոն, որոշակի բովանդակություն է հաղորդում Սերժ Սարգսյանի՝ Արցախ կատարած այցերին: Սերժ Սարգսյանի այցը պետք է դիտարկել առավելապես ներքաղաքական համատեքստում` առնվազն այն հարթության վրա, որ հերթական անգամ արձանագրվում է, թե Սերժ Սարգսյանը պաշտպանության և անվտանգության հարցերում, ըստ էության, չունի այլընտրանք:
 
Դեռ այս տարվա փետրվարին իշխող կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել էր ՀՀԿ նախընտրական կարգախոսին («Անվտանգություն եւ առաջընթաց») ու հայտարարել, թե «Անվտանգության մարմնավորումը իր գործունեությամբ, իր ապրած կյանքով՝ նախագահն է, առաջընթացի խորհրդանիշը՝ նոր կառավարությունն է` ի դեմս Կարեն Կարապետյանի։ Առաջընթաց՝ որպես այդպիսին, չկա, և այս ֆոնին Սերժ Սարգսյանը սկսել է խաղարկել անվտանգության խաղաքարտը: Իշխանության համար ընթացող պայքարում Արցախի խնդիրը պարբերաբար շահարկվում և պարբերաբար հայտնվում է վեճի առանցքում։ 2008-ին Տեր-Պետրոսյանը, ինչպես իշխանությունից հեռացման, այնպես էլ վերադառնալու հայտ ներկայացնելու ժամանակ նորից փորձեց խաղարկել այդ հարցը։ Նույնը կատարվում է նաև կուսակցության մակարդակով․ հանրապետականները բազմիցս են ասել, որ «քանի դեռ չի լուծվել Արցախի խնդիրը, Հանրապետական կուսակցությունը չի կարող հեռանալ իշխանությունից»։ Նրանք ունեն պատմական առաքելություն, որը չեն կարող կիսատ թողնել, և մենք պետք է գնահատենք նրանց սկզբունքային և ինքնամոռաց ջանքերը։ Այսօր նույնպես, հերթական անգամ, շահարկվում է Արցախի գործոնը։ Հանրապետական կուսակցության խոսնակները․ որոնց տրված է կուսակցության անունից քաղաքական կարծիք հայտնելու մենաշնորհը, ինչպես նաև լրատվամիջոցները, նորից շրջանառության մեջ են դրել այդ տեսակետը․ միայն Սերժ Սարգսյանը կարող է գլխավորել Հայաստանը, որովհետև միայն ինքն այսօր կարող է վարել Արցախի շուրջ ընթացող բանակցությունները։
 
Ռուսական և արևմտյան ուղղություններով տարած դիվանագիտական հաղթանակներից հետո Արցախ այցելելով՝ Սերժ Սարգսյանը փաստորեն վերահաստատում է, որ 2018-ից հետո իր քաղաքական ծրագրերի առանցքային շարժիչ դիտարկում է անվտանգության բաղադրիչը եւ մտադիր է այն ծառայեցնել այդ ծրագրերին՝ հնարավորինս մեծ ծավալով: Դա նշանակում է՝ թե ներքին, թե արտաքին դաշտում դրա լայնածավալ կիրառում: Սերժ Սարգսյանի «կամուֆլյաժն» ինչ-որ իմաստով պատասխան է Ալիևին, հնարավոր է՝ նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Պատասխանն, անկասկած, բազմաշերտ ու խայտաբղետ է, ինչպես «կամուֆլյաժը»: Թեեւ, Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեության ոճը խոշոր հաշվով միշտ է եղել այդպիսին՝ խայտաբղետ-կամուֆլյաժային, որտեղ շատ դժվար է եղել նշմարել գերիշխող ուղղությունն ու գիծը: Սերժ Սարգսյանի քայլում հստակ է մի բան, որ նա ցույց է տալիս «կռվելու» պատրաստակամությունը, միայն թե պարզ չէ՝ կռվելու 2018-ի իր պլանների՞ համար, որոնք չեն արժանանում միջազգային լեգիտիմության, թե՞ բառի բուն իմաստով դիմակայելու Ադրբեջանի ծավալապաշտությանն ու ռազմական նկրտումներին եւ «կռվելու» շփման գծում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմները, կամ այլ կերպ ասած՝ Վիեննայի օրակարգը հաստատելու համար:
 
 
Ստելլա Խաչատրյան