Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն հայտարարել է, որ Հայաստանի և ԵՄ միջև վիզայի չեղարկումն այս փուլում հնարավոր չէ: Ստացվում է, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը վերջերս ստորագրվեց Երևանի և Բրյուսելի միջև, չի ազդի Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի վերացման գործընթացի վրա: Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ևս այս հարցում լավատես չէ. ըստ նրա՝ վիզայի չեղարկումը հնարավոր է միայն 2020 թվականին, այն էլ՝ եթե ՀՀ իշխանությունները ըստ արժանվույն կատարեն իրենց տնային աշխատանքը, այն է՝ կյանքի կոչեն ԵՄ հետ համապարփակ համաձայնագրի կետերը: Այսինքն, համաձայնագիրը ստորագրելուց հետո, հանկարծ պարզվում է, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրամիության երկրների հետ վիզայի ռեժիմի ազատականացում չի ենթադրում։ Սկզբում պարզեցնելու են… Բայց թե ո՞վ է որոշելու` ինչպիսին են վիզա ստանալու պարզեցման չափանիշները` անհասկանալի է։ Մի՞թե նույնպես Սվիտալսկին։

Քաղաքական խոչընդոտը, որի մասին ակնարկում են ԵՄ-ից, հետևյալն է՝ եվրոպացիները պարզապես վախենում են, որ հայերն աղքատ երկրից կսլանան դեպի Եվրոպա` աշխատանքի ու լավ կյանքի հետևից։ Սա կիրառած երկրների փորձն արդեն վախեցնում է։ Սվիտալսկին հայտարարել է, որ ազատականացման հարցում խնդիրն այն է, թե ինչ կլինի Հայաստանի հետ: Նա ակնարկում է, որ դա կարող է բերել զանգվածային արտագաղթի աճի: Բայց ԵՄ թերևս հույս ունի, որ հայաստանյան իշխանություններն այս անգամ էլ կթերանան, հանրությունն էլ չի ապահովի քաղաքացիական վերահսկողության պատշաճ մակարդակը՝ արդյունքում Սվիտալսկին, կամ նա, ով 2020 թվականին նրա տեղում կլինի, կարող է ասել, որ Հայաստանը չի փակել ատոմային էլեկտրակայանը, դրա համար՝ առանց վիզայի ռեժիմը չեղարկվում է։ Ու այդ ժամանակ կարելի է հրաժեշտ տալ Ելիսեյան դաշտերի ու Էյֆելյան աշտարակի մասին երազանքներին։ Ու նույն կերպ կշարունակենք տուրիստական գործակալություններին գումարներ տալ, որպեսզի վիզա ստանանք, այլ կերպ այն ստանալ՝ գրեթե հնարավոր չէ։

Եվրամիությունը հնարավորությունների միջավայրն է, որտեղ առանցքային էֆեկտը խնդիրների բացակայությունը չէ, այլ դրանց լուծման էֆեկտիվ մեխանիզմների եւ մեթոդաբանության ռեսուրսների առկայությունը: Ինչպես հայտնի ասույթում՝ Եվրամիությունը ձուկ տվողը չէ, այլ ձուկ որսալ սովորեցնողը: Հայաստանի համար հենց դա է խնդիրը՝ ձո՞ւկ է ուզում, թե՞ ուզում է սովորել ձուկ որսալ: Հայաստանի իշխանությունը ձուկ է ուզում, ընդ որում՝ ոչ միայն Եվրասիայում, այլ նաեւ Եվրամիության հետ հարաբերություններում: Գուցե քաղաքական խոչընդոտներից մեկն էլ սա՞ է...

 

Ստելլա Խաչատրյան