Հայ չինովնիկների գործուղումների մասին պատմող նյութեր պարբերաբար կարելի է գտնել հայ մամուլի էջերում: Այդ իրողությունը, սակայն, ամենից հաճախ պայմանավորված է ոչ թե գործուղումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կամ գրանցված արդյունքների կարևորությամբ կամ դրանց` պետության համար գերկարևոր նշանկւթյամբ, այլ շքեղաշուք ծախսերով, որոնք հաճախ հայրենիները կատարում են իրենց գործուղումների ընթացքում: Իհարկե, ոչ ոք իրավունք չունի որևէ մեկի փողերը հաշվելու, սակայն սույն հարցի ողջ հմայքան էլ հենց նրանում է, որ այդ ծախսերը կատարվում են բնավ ոչ ի հաշիվ չինովնիկական գրպանի. բյուջեից տրամադրված միջոցներն են, որ գործուղումների ընթացքում վատնվում են արտասահմաններում, ու ոչ ոք այսօր հաստատապես չի կարող ասել, թե այս կամ այն պաշտոնյան այս կամ այն գործուղման ընթացքում որքան փող է բյուջեից ծախսում և, որ ամենակարևորն է, ինչ նպատակով:
Վարչապետ Կարեն Կարապետյանը օրերս ստորագրել է մի շարք որոշումներ, որոնցով ի թիվս այլ բաների, որոշվել է ռեկորդային քանակությամբ հայ պաշտոնյաների գործուղման ուղարկել կամ արձակուրդ ձևակերպել, ինչպես նաև վավերացվել են ոմանց կատարած և կատարվելիք գործուղումները։ Ովքեր ասես տեղ չեն գտել այդ բաղձալի ցուցակում` փոխնախարարներ, նախարարությունների աշխատակիցներ և այլն: Կարճ ասած` գործուղումների ու արձակուրդների իսկական պիկ, որ բռնել ու դեռ բռնելու են պաշտոնավորներն այս ձմեռվա կեսին:
Այս ամենի հետ կապված, կարծում ենք, չի կարող բնական հարց չառաջանալ, թե հատկապես ինչո՞վ է պայմանավորված տարվա հենց այս ժամանակահատվածի ընտրությունը դիցուք գործուղումների հարցում: Ի՞նչ է` սպասում էին, որ նոր տարին մոտենար ու հետո միայն ձեռնամուխ լինեին Հայաստանի հանրապետության «շենացմա՞նը», թե՞, այնուամենայնիվ, գործ ունենք փոքրիկ խորամանկության հետ, ու սրա պատճառն իրականում որոշներին կողքից «լևի փող բռնելու» առիթ ընձեռելն է: Ասվածը թո՛ղ զրպարտանք չթվա, քանի որ ամեն բան չափից դուրս քողարկված է, ու առիթ է տալիս մտածելու ինչ ասես: Եթե հարգարժանները ցանկանում են տեղիք չտալ ավելորդ խոսակցությունների ու ենթադրությունների, թո՛ղ բարի լինեն մի բան մտածեն խնդիրը վերահսկողութան տակ առնելու համար: Վերջիվերջո շարքային քաղաքացին պարտավոր է իմանալ այն փողերի ճակատագիրը, որոնք գոյանում են իր մուծած հարկերից. մարդիկ պետք է իմանան` ինչ ճակատագրի են արժանանում այս կամ այն պաշտոնյայի վոյաժների համար բյուջեից հատկացվող փողերը, դրանք ծախսվում են ըստ նշանակությա՞ն, թե՞ գրպանվում կամ այստեղ-այնտեղ մսխվում են կյանքը սիրող ու դրա ամեն մի վայկյանը թանկ գնահատողների կողմից: Հարցն այս վերջապես պետք է կարգավորվի, համաձայն չե՞ք:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ