Արցախի Հանրապետությունը գնահատում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Իրանի քաղաքականությունը, որը հավասարակշռված է և հիմնականում չեզոք բնույթ է կրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իրանցի քաղաքական վերլուծաբան, լրագրող Սալար Սեյֆօլդինին տված հարցազրույցում, որը հրապարակվել է իրանական «Շարղ» օրաթերթում, «Իսլամական Հանրապետության լրատվական գործակալություն» պաշտոնական տեղեկատվական գործակալության կայքէջում, ինչպես նաև իրանական մի շարք այլ լրատվամիջոցներում, ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
«Արցախը մեկն է մեր հարևաններից, որի հետ մենք մոտավորապես 135կմ. ընդհանուր սահման ունենք։ Միգուցե շատ իրանցիներ չգիտեն, որ նման հարևան ունենք, քանի որ այն քարտեզի վրա տեսանելի չէ։ Ընդհանուր առմամբ, կցանկանայի իմանալ, թե ինչպիսի՞նն է ձեր քաղաքականությունը Իրանի նկատմամբ»,-հարցրել է իրանցի լրագրողը:
Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունը շահագրգռված է գործող սահմաններ և բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարևան բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի հետ։ «Հատկանշական է, որ Իրանը 1992 թվականի առաջին կեսին այս հակամարտության կարգավորման հարցում հանդես է եկել որպես միջնորդ, որը խոսում է այն մասին, որ Իրանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: Այդ մասին է վկայում նաև այն, որ այսօր պաշտոնական Թեհրանը պատրաստակամություն է հայտնում կրկին միջնորդական առաքելություն իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Հարկ է նշել, որ Իրանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի ընդհանուր սահմաններ բոլոր երեք հակամարտ կողմերի՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ), Արցախի Հանրապետության և Ադրբեջանի հետ:
Արցախը սահմանակցում է երեք պետությունների. արևմուտքում' Հայաստանի Հանրապետության, արևելքում՝ Ադրբեջանի և հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Հայաստանի Հանրապետության հետ սահմանները բաց են, ընդ որում' ՀՀ միջոցով է ապահովվում արտաքին աշխարհի հետ կապի միակ ճանապարհը։ Ադրբեջանի հետ սահմանն ավելի շուտ կարելի է անվանել ռազմաճակատ։ Չնայած մեր երկու ժողովուրդների կողմից միմյանց հանդեպ բարիդրացիական տրամադրվածությանը՝ Արցախի և Իրանի միջև սահմանը մնում է փակ, ինչն անբնական է»,-ասել է ԱՀ արտգործնախարարը եւ հավելել, որ համոզված է՝ նաև Իրանի շահերից է բխում Արցախի հետ ընդհանուր սահման պահպանելը։
«Կարծում եմ' դա համահունչ է նաև տարածաշրջանում հետաքրքրված այլ դերակատարների շահերին»,-ընդգծել է նա:
Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմին: Հարցին, թե ինչ է կարծում՝ արդյո՞ք ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանը փոխե՞ց իր քաղաքականությունը՝ ի շահ Բաքվի, արտգործնախարարը պատասխանել է. «Չեմ կարծում, որ
Ռուսաստանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն է եղել: Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են ու համաձայնեցված մոտեցումներ ունեն այս տարածաշրջանում խաղաղության ապահովման շուրջ:
Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմին, հարկ է նշել, որ երկու այլ համանախագահող երկրների համաձայնությամբ է Ռուսաստանն այդ օրերին ավելի ակտիվ դերակատարություն ունեցել ռազմական գործողությունները կանգնեցնելու հարցում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ երեք համանախագահող երկրներից միայն Ռուսաստանն ունի ռազմական գործողությունների ժամանակ կողմերի վրա ազդելու համապատասխան գործիքակազմ: Հետևաբար, պատահական չէ, որ ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը եկան բանավոր համաձայնության՝ դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել 1994 թվականի մայիսի 12-ի համաձայնագրով հաստատված հրադադարի ռեժիմը»,-ասել նա:
Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք արտգործնախարարը հաստատում է թուրքական ուժերի մասնակցությունը ապրիլյան պատերազմին, քանի որ այդ մասին վկայող նյութեր եւս կան: Մասիս Մայիլյանը նշել է, որ փաստ է, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է, և որ նրանք սերտորեն համագործակցում են ռազմական ու ռազմատեխնիկական բնագավառներում։ «Գաղտնիք չէ նաեւ, որ Ադրբեջանի բանակում արդեն վաղուց ծառայում են Թուրքիայից բազմաթիվ ռազմական խորհրդականներ, իսկ Ադրբեջանի սպայական կազմը վերապատրաստվում է հիմնականում Թուրքիայում։ Այսպիսով, չի բացառվում, որ Թուրքիան որոշակի դերակատարություն է ունեցել նաև ապրիլյան պատերազմի ժամանակ»,-եզրափակել է ԱՀ արտգործնախարարը: