ԱԺ-ում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական քննարկումը:
Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց պատգամավորների և պատգամավորական խմբակցությունների կողմից ստացված առաջարկները և դրանց վերաբերյալ կառավարության եզրակացությունը:
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն կողմ է 2018 թ. բյուջեի նախագծին՝ դրա համար բերելով, իր բնորոշմամբ, հստակ հիմնավորումներ. «Եթե որևէ մեկը կարող է բերել 15 միլիարդի ներդրում, թող բերի և մենք պարտավորվում ենք այդ 15 միլիարդ ներդրումների վերահսկողությունն իրականացնող հանձնաժողով: Որևէ մեկը չի խոչընդոտում, իսկ Հանրապետական կուսակցությունը չի շտապում գնահատականներ տալ կատարված աշխատանքներին, մենք գնահատականներ ենք տալիս դրված հիմքերի համար, իսկ 2018 թ բյուջեին կողմ ենք, քանի որ այն նպատակային է և միտված է ապագային»:
Ըստ Բաղդասարյանի՝ եթե Կառավարությունն այսօր մի գեղեցիկ հետընտրական բյուջե բերեր-ներկայացներ, իրենք դեմ կքվեարկեին և չէին ողջունի, սակայն այսօրվա Կառավարությունն ապացուցել է, որ պահի խնդիր չի լուծում. «Ներկայացրել է բյուջե, որը գրված է ապագայի համար: Այսօրվա բյուջեն մենք համարում ենք հեռատեսական, որովհետև որևէ չափազանցածրած տող այնտեղ չկա»: