ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Վանաձոր քաղաքի զարգացման «մաստեր պլանը», որը մշակվել է Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետների կողմից՝ առկա հայեցակարգի հիման վրա: Բայց զարմանալի է, որ քննարկմանը հրավիրված չեն եղել ո՛չ Մամիկոն Ասլանյանը, ո՛չ Վանաձորի քաղաքային իշխանության որևէ ներկայացուցիչ: Իսկ դա միայն մեկ բացատրություն կարող է ունենալ` իր գծագրած ապագա Վանաձորում Կարեն Կարապետյանը Մամիկոն Ասլանյանին չի տեսնում կամ նվազագույնը վստահ չէ, որ Մամիկոնը կձգի մինչև այդ օրը:
 
Կարելի է ենթադրել, որ մանդատագողությամբ քաղաքապետ դառնալը «նոր ոգու» դրսևորում է: Վանաձորի ընտրություններից անցել է մեկ տարի, սակայն Ասլանյանին չի հաջողվել լուծել իր լեգիտիմության հարցը, նույնիսկ Հանրապետականի առաջին դեմքերը որոշակի հեռավորություն են պահպանում Վանաձորի գործող քաղաքապետից, որովհետև նրան համարում են «անբաշար» մեկը, ով մեկ տարվա ընթացքում չի կարողացել փակել իր ընդդիմախոսների բերանը: Այսօր գնդակը գտնվում է Կարեն Կարապետյանի դաշտում և հարցի արժեքը նրա համար չափազանց մեծ է, եթե հաշվի առնենք նաև 2018-ի համատեքստը: Ինչ-որ իմաստով` «Ելքը» նույնիսկ բացառիկ շանս է տվել Կարեն Կարապետյանին, ով հնարավորություն է ստացել ապացուցելու, որ սահմանադրականությունը կարևորում է իշխանության շահից: Տեսականորեն ՀՀԿ-ն կարող է համաձայնության գալ ընդդիմության հետ, եթե Վահրամ Բաղդասարյանը խոստովանի, որ «շուստրիության» ռեսուրսը սպառված է, և Մամիկոն Ասլանյանը հրաժարական տա` ընդդիմությանը հնարավորություն տալով, վերադառնալ ավագանի: Սա է Սահմանադրական դատարանի որոշումից բխող քաղաքական միակ կոմպրոմիսը: Եթե ոչ, ապա Վանաձորը սահմանադրական ռեժիմ կարող է վերադառնալ միայն նոր ընտրությունների դեպքում: Եթե նույնիսկ խնդիրը վերաբերում է մեկ քաղաքի, Կարեն Կարապետյանը կարող է ցույց տալ, որ քրեաօլիգարխիկ մտածողության կրող չէ, եթե Վանաձորում նշանակի արտահերթ ընտրություններ: Չէ՞ որ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը հենց Կարեն Կարապետյանին էր ներկայացնում որպես իշխանության, ՀՀԿ-ի «նոր ոգի»:
 
Ստելլա Խաչատրյան