ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի համոզմամբ՝ ԱՄՆ նախագահի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը շատ ավելի լուրջ խնդիրներ է լուծում, քան Թրամփի նախընտրական խոստման իրականացումն է. «Ես կարծում եմ, որ այս քայլով նա ավելի խորքային հարց է լուծում, որն առավելապես կապված է Մերձավոր Արևելքում նրա պլաններով: Նախորդ տարի Դոնալդ Թրամփը այցելեց Սաուդիան Արաբիա և  ստեղծեց մինի ՆԱՏՕ, որն ուղղված էր Իրանի դեմ: Այդ ծրագիրը, սակայն, չգործեց: Այնպես որ՝ սա հերթական քայլն է, սակայն՝ առավել պայթյունավտանգ: Եթե Թրամփն իրականացնի այն, ինչի մասին երեկ հայտարարեց՝ տարածաշրջանում կսկվեն խոշոր ռազմական գործողություններ: Անգամ այն երկրները, որոնք գտնվում են ԱՄՆ-ի հետ նույն բլոկում, նրա դաշնակիցներն են, կպատերազմեն Ամերիկայի դեմ»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արման Նավասարդյանը՝ նշելով, որ պատերազմական հիմնական գործողությունները կծավալվեն Իրանի և Իսրայելի միջև, իսկ ամենավտանգավորն այն է, որ այդ պարագայում կակտիվանա Հեզբոլլահ շարժումը՝ վտանգի ենթարկելով նաև Մերձավոր Արևելքում գոյատևող հայկական համայնքները:

Ըստ դեսպանի, սակայն, սա դեռ ամենը չէ, քանի որ ԱՄՆ նախագահ Թրամփի որոշումը կհանգեցնի այնպիսի մի պատերազմի, որի համեմատ՝ սիրիական պատերազմը  կարող է խաղուպար թվալ:

 

 

Անդրադառնալով Հայաստան-Իսրայել հաաբերություններին՝ Արման Նավասարդյանը նկատեց, որ թեև այս տարիների ընթացքում հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունները գտնվում էին փակուղում, որևէ զարգացում տեղի չէր ունենում, սակայն անհնար է չնկատել, որ վերջին ամիսներին այդ հարաբերությունները կանոնակարգելու ազդանշաններ են նկատվում. «Եթե պատերազմ սկսվի, բնական է, որ դա բացասաան կազդի նաև Հայաստան-Իսրայել հարաբերությունների վրա: Կստեղծվի բոլորովին նոր և ոչ ձեռնտու իրավիճակ»,-ասաց նա:

Խոսելով թուրքական արձագանքի մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ Թուրքիան նման հարցերում մշտապես աչքի է ընկնում հրահրողի դերում, բայց, չի բացառվում, որ Թուրքիան ակտիվորեն ներգրավվի ռազմական գործողություններում՝ ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերություններն առավել խորացնելու համար: «Դոնալդ Թրամփը, եթե որոշի գնալ լայնամասշտաբ պատերազմի, նրան այդ քայլից ետ պահող ու արգելող միակ ուժ կարող է լինել Ռուսաստանը: Էրդողանը պատահական չասաց, որ Պուտինը պետք է միջամտի: Պատերազմի սկսման դեպքում Թուրքիան ավելի կհեռանա ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից և ավելի կմոտենա Ռուսաստանին: Թեև ես չեմ հավատում ռուս-թուրքական բարեկամությանը, սակայն, այդ պարագայում Թուրքիան ավելի կթեքվի դեպի արևելք և ուժերի հարաբերակցությունը զգալի կփոխվի»,-ասաց Արման Նավասարդյանը:

Վերջում Արման Նավասարդյանը ողջունեց ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը ԱՄՆ նախագահի հայտարարության վերաբերյալ՝ դա համարելով վերջին շրջանում հայկական դիվանագիտության ակտիվացմանը միտված ևս մեկ քայլ:

Աղավնի Սուքիասյան