ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում հնարավոր է եղել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կուրցը հայտարարեց Վիեննայում նախարարական խորհրդի նիստի փակման արարողությանն իր ելույթի ժամանակ:

«Ուրախ եմ, որ նախարարական հավաքի շրջանակում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Սրանք շատ փոքր, բայց դրական ազդանշաններ են, որոնց կարիքը մենք ունենք»,- ընդգծեց ԵԱՀԿ նախագահողը:

ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության ժամկետի ավարտի կապակցությամբ նա շնորհակալություն հայտնեց կազմակերպության անդամ երկրներին դրական համագործակցության համար: «ԵԱՀԿ-ն յուրահատուկ կազմակերպություն է: Անվտանգության աճող բացակայության պայմաններում կարևոր է, որ մենք ունենք նման կազմակերպություն, որը քարոզում է անվտանգություն և վստահություն ու պայքարում է դրանց համար»,- հայտարարեց Կուրցը:

2018 թվականին ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու է Իտալիան: