Վերջին շրջանում աղմուկ է բարձրացրել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Թե ի՞նչ է ենթադրում օրենքը և որքանո՞վ է իրատեսական օրենքի կիրառումը Հայաստանում՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ծրագրերի ղեկավար Զառա Հովհաննիսյանից:
- Արդյո՞ք անհրաժեշտ է օրենքի ընդունումը և որքանո՞վ է իրատեսական օրենքի կիրառումը Հայաստանում:
- Դեռևս տարիներ առաջ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» ՀԿ-ն մշակել է օրենքի նախագիծ, որը հենց ընտանեկան բռնության կանխարգելմանն էր ուղղված։ Սկզբում օրինագիծը դիմադրության հանդիպեց, մտավ ԱԺ, սակայն հետ ուղարկվեց, իսկ արդեն 2016 թ․-ին Արդարադատության նախարարությունը ձեռնամուխ եղավ այս օրենքի մշակմանը։
Օրենքի անհրաժեշտությունն իհարկե կա, որովհետև ընտանեկան բռնության խնդիրը որևէ օրենքով լուծում չի ստանում՝ հատկապես կանխարգելման տեսանկյունից: Մենք ունենք քրեական օրենսգիրք, որը կարող է պատժել բռնարարին, երբ բռնությունը վերածվում է ընտանեկան բռնության: Ընտանիքում մարդը երկարատև ժամանակահատվածում կարող է գտնվել անտեսված՝ տնտեսական, հոգեբանական տիրույթում, սակայն նրան այդ վիճակից հանելու որևէ մեխանիզմ գոյություն չունի: Օրենքը միտված է այս բացը լրացնելուն:
Այն կանխարգելող նպատակ ունի՝ նկատի ունենալով վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերը, երբ ականատես եղանք կնոջ կողմից ամուսնու սպանության և պարզվեց, որ կինն ամուսնու կողմից երկարատև բռնության է ենթարկվել:
- Ո՞րն է ըստ Ձեզ՝ հասարակության կողմից օրենքը չընդունելու պատճառը: Ի՞նչ փոփոխություններ կբերի այդ օրենքը:
- Առաջին հերթին խնդիրը հանրային իրազեկման կազմակերպման թերացումն է: Տարիներ շարունակ ՀԿ-ները խնդրի մասին բարձրաձայնել են, սակայն մեդիա տարածքում խնդիրը չի բարձրաձայնվել այնպես, որպեսզի հանրությունը պատրաստ լինի նման օրենսդրական կարգավորման, ըստ այդմ՝ հանրային գիտակցությունը պատրաստ չէ օրենքն ընդունել ու հասկանալ դրա այսօրեականությունը: Օրենքը միտված է ավանդական կոչվող վնասակար սովորություններից ազատվելուն, միջամտություն է կատարվում ավանդականից իրավականին անցնելուն:
Ամենակարևորն՝ օրենքը հնարավորություն կտա, որպեսզի ձևավորվի համապարփակ քաղաքականություն՝ ընտանեկան բռնության կանխարգելման համար: Դրա մեջ ներառվում են տարբեր ինստիտուտներ՝ պետական, սոցիալական աջակցություն, առողջապահություն, կրթություն: Այսինքն՝ թույլ չի տա, որպեսզի առկա գենդերային անհավասարության, կարծրատիպերի միջոցով առաջանա ընտանեկան բռնություն:
- Օրենքի մեջ փոփոխություններ են մտցվել՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագիծը վերանվանելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրինագիծ: Ի՞նչ դիտարկումներ կանենք դրա վերաբերյալ. այն ավելի բարելավվե՞լ, թե՞ խեղաթյուրվել է:
-Շատ ավելի լավ կլիներ, եթե օրենքը խմբագրվելուց էլ ավելի բարելավվեր, ոչ թե խեղաթյուրվեր որոշ ձևակերպումներով: Այդ դեպքում իր գործառույթն առավել արդյունավետ կիրականացներ: Փաստորեն, ԱԺ-ում ունենք օրենք, որը շատ կարևոր է, սակայն ունի բավական լուրջ կոնցեպտուալ խնդիր, որը, անձին բռնությունից պաշպանելու համար, տեղափոխվել է ընտանիքների պաշտպանության դաշտ:
Որոշ շրջանակների մոտ կային տեսակետներ, որ այս օրենքն ընտանիքներ քանդելու համար է, կամ այն ուղղված է երեխաներին ընտանիքներից օտարելուն, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Արդարադատության նախարարությունն այս մտավախությունը ցրելու համար փորձեց օրենքի նախագծում փոփոխություններ մտցնել։ Սակայն օրենքում կա ընտանեկան համերաշխություն եզրույթը, որն իրավական որոշակիություն չունի, թե ինչ է իրենից ներկայացնում:
Փոփոխված կան իրավական ձևակերպումների լուրջ անհամապատասխանություն, ինչը իրավական ակտերի մասին օրենքին հակասում է։ Կան նաև որոշակի բարելավումներ, բայց ընդհանուր տրամաբանությունը խեղաթյուրման է ենթարկվել: Ամենակարևոր դրույթը, որ մեզ համար անբացատրելի է՝ ավանդական արժեքի սահմանումն է: Օրենքում տեղ է գտել նմանատիպ ձևակերպում, որտեղ նշվում է, որ ավանդական արժեքից բխող կարգավորումներ պետք է արվեն, սակյան այն հակասում է ՄԱԿ-ի կոնվենցիային: Իրավական հիմնավորում չունի, թե ի՞նչ է նշանակում ավանդական արժեք։
Սակայն պետք է նկատել, որ կան նաև բարելավումներ, օրինակ հղիության ընդհատման հարկադրումը ևս ներառված է:
- Հայկական ընտանիքներում ովքե՞ր են հիմնական զոհերը համարվում:
Աբողջ աշխարհում առհասարակ հիմնական զոհերը կանայք են և անհավասարություն կա բոլոր երկրներում: Սակայն շատ երկրներում դիտարկումը բոլորովին այլ մակարդակի վրա է: Մեզ մոտ նոր են սկսում գիտակցել, որ նման խնդիր կա: Ամենակարևոր խնդիրներից մեկը, որը կկարգավորվի՝ պաշտպանության մեխանիզմների տրամադրումն է ընտանեկան բռնության ենթարկվածին: Այժմ եթե ահազանգ է հնչում, ոստիկանությունը որևէ գործողություն չի կարող անել կանխարգելման ուղղությամբ: Իսկ օրենքը թույլ կտա միջամտել նախքան բռնությունը, ոչ թե բռնության գործադրումից հետո: Նաև նրանք, ովքեր ընտանեկան բռնության հետևանքով հայտնվել են փողոցում, հնարավորություն կստանան ժամանակավորապես բնակվել ապահով տարածքում:
Սոնա Հարությունյան