Տարիներ շարունակ՝ 1990թ․ սկսած՝ Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի բնակիչները զրկված են խմելու ջրից, հետևաբար՝ նաև կենցաղային տարրական պայմաններից։ 3200 բնակչություն ունեցող համայնքում կա 4 աղբյուր և գյուղացիները ստիպված դույլերով են ջուր հասցնում տները՝ իրենց կարիքները հոգալու համար։
Փաստորեն, 30 տարի ջրից զրկված լեռնանիստցիներին իշխանություններն անուշադրության են մատնել. նրանց համար օրհասական այս խնդիրը մինչ օրս չի լուծվել։
ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Լեռնանիստ համայնքի ղեկավար Արտյոմ Հայրապետյանը նշեց, որ խնդիրը վաղուց կա, սակայն արդեն քայլեր են ձեռնարկվում համայնքը ջրով ապահովելու ուղղությամբ։
«Լեռնանիստը շատ վաղուց ունի ջրի խնդիր, սակայն զբաղվում ենք դրանով և համապատասխան ընթացք կստանա։ Դիմել ենք պատկան մարմիններին՝ վստահեցրել են, որ շուտով խնդրին լուծում կտրվի։ Դա իմ խնդիրն է, ես հասկանում եմ դրա կարևորությունը և վստահեցնում եմ՝ հարցը լուծվելու է»,- ասաց Հայրապետյանը։
Դիտարկմանը՝ հնարավոր չէ՞ր հարցն ավելի շուտ կարգավորել, որպեսզի մարդիկ երկար տարիներ զրկված չլինեին ջրից, համայնքապետը պատասխանեց․
«Արդեն 4 տարի է՝ ես եմ զբաղվում այդ հարցով, դրանից առաջ չեմ կարող ասել՝ զբաղվել են, թե ոչ, բայց համապատասխան արդյունքներ՝ ունեմ։ Մոտ մեկ տարի հետո հարցը լուծված կլինի, և հավանաբար ամբողջ համայնքն ապահովված կլինի ջրով։
Գյուղի բնակիչները չեն բողոքում, նրանք գիտակցում են, որ դա խնդիր է, հարցն իմ առջև են բարձրացնում, ես էլ՝ համապատասխան տեղերում։ Մեր վերադասները խոստացել են՝ հնարավորության չափով կիրականացնեն»,- ասաց նա։
Համայնքապետը նկատեց՝ նախնական հաշվարկով՝ համայնքը ջրով ապահովելը կարժենա 300-500 միլիոն դրամ։ Բյուջեով ջրամատակարարում իրականացնել հնարավոր չէ, քանի որ նոր խողովակներ պետք է տեղադրվեն։ Նրա խոսքով՝ եթե քիչ արժենար, ապա ինքը ջրի հարցն արդեն իսկ լուծած կլիներ, սակայն համայնքային բյուջեով՝ մեծ ծախսեր հնարավոր չէ անել։
Սոնա Հարությունյան