Հայաստանի շուկայում հայտնվել է տարօրինակ բրինձ: Այս մասին ահազանգում են մասնագետները։ Նրանք նշում են, որ այն պլաստիկե բրինձ է, որը դժվար է եփվում, գարշահոտ է և ունի տարօրինակ համ։ Վերջիններս դիմել են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ պարզելու, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ կասկածելի բրինձը։

ՍԱՊԾ-ն խոստացել է գնալ ահազանգի հետքերով և ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքները. ԼՈւՐԵՐ․com-ը խոստանում է հետևողական վերաբերմունք դրսևորել՝ առաջիկայում անդրադառնալով այդ ուսումնասիրությունների արդյունքներին։

Օրինակ՝ Չինաստանը ևս սկսել է արտադրել պլաստիկ բրինձ: Այս մասին հայտնում է vesti.ru-ն։ Ինչպես հայտնում է  աղբյուրը՝ կեղծ բրինձը պատրաստվում է հիմնականում քաղցր կարտոֆիլից և սինթետիկ խեժից: Այս բաղադրիչների խառնուրդից հնարավոր է պատրաստել ձավարեղեն, որը շատ նման է բրնձի:

Ահա, թե ինչպես տարբերել կեղծ բրինձը՝ իրականից․

1. Կեղծ բրինձը լվանալիս բաժակի մեջ լցված ջրի վերևի հատվածում կառաջանա թանձր սպիտակ շերտ:
2. Իսկական բրինձը կսուզվի բաժակի ջրում ի տարբերություն կեղծի:
3. Պլաստիկ բրինձը կայրվի, իսկ բոցից կտարածվի տարօրինակ բուրմունք:
4. Իրական բրինձը մի քանի օր վաճառասեղանին մնալուց հետո կբորբոսնի, հակառակ դեպքում այն կեղծ է:

Ըստ newsland-ի՝ հայտնի չէ, թե ինչ ազդեցություն է այն թողնում մարդկանց օրգանիզմի վրա, սակայն ակնհայտ է, որ դրական ակնկալիքներ ունենալ պետք չէ: Դժվար է տարբերել իրական բրինձը արհեստականից, քանի որ դրա մեջ ավելացվում է օսլա, բրնձին՝ համապատասխան ձև տալու նպատակով: Մեկ ափսե այդպիսի բրինձ ուտելը նույնն է, ինչ մեկ պոլիէթիլենային տոպրակ ուտելը: 

Նշենք, որ Չինաստանում վերջերս սննդամթերքի անվտանգության հետ կապված մեծ սկանդալ էր բարձրացել: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների` վաճառքում էր հայտնվել կարտոֆիլի և արդյունաբերական սինթետիկ խեժի խառնուրդից պատրաստված ձավարեղեն: Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` լուրեր էին տարածվել նաև «մատչելի, բայց շահավետ» բրնձի մասին, որն արտահանվում էր ասիական այլ երկրներ` Սինգապուր, Ինդոնեզիա, Վիետնամ և Հնդկաստան: Հաղորդվում է, որ կեղծ բրինձը բնականից հնարավոր չէ տարբերել հում վիճակում: Պլաստիկ բրինձը բացահայտելու միակ տարբերակն այն եփելն է, քանի որ եփվելուց հետո այն կարծր և դժվարամարս է լինում: Առողջապահության փորձագետները զգուշացնում են, որ նման ձավարեղեն սպառած անձինք կարող են լուրջ վնաս հասցնել իրենց մարսողական համակարգին: Պլաստիկե բրնձի տարածման մասին լուրերը համացանցում հայտնվել էին մի քանի տարի առաջ դեռևս, երբ դրանք հայտնաբերվել էին երկու չինական նահանգում: Այժմ մտավախություն կա, որ այս ձավարեղենն արտահանվում է այլ ասիական երկրներ:

Տեսանյութերը՝ լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից