Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում ելույթ ունեցավ, որով հստակ ցուցումներ տվեց ՏԻՄ ներկայացուցիչներին: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ղեկավար Արմեն Ավետիսյանը նշեց, որ նախագահի ելույթն ու հնչեցրած դիտարկումները ոչ թե կոշտ նկատողություններ են, այլ տեղին արված դիտարկումներ. «Ինչ ասում է, ճիշտ է ասում նախագահը, լրիվ համամաիտ եմ այդ դիտարկումների հետ»,-նշեց Ավետիսյանը:
Անդրադառնալով նախագահի՝ «ով չի ուզում նոքար լինի, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի» դիտարկմանը՝ Մարտունի քաղաքի ղեկավարը պատասխանեց. «Այո՛, շատ ճիշտ է Նախագահը, այն մարդիկ, ովքեր չեն աշխատում և միայն պահանջում են, թող գնան ուրիշից պահանջեն: Ես իմ շրջապատում այն մարդկանց, ովքեր բողոքում են՝ հարց եմ ուղղում՝ «բա դուք ի՞նչ եք արել այս երկրի համար»»:
Դիտարկմանը՝ Մարտունին պատրա՞ստ է Նախագահի պահանջին, ըստ որի՝ համայնքները պետական բյուջեից գումար կստանան «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով, Ավետիսյանը պատասխանեց. «Այո՛, շատ ճիշտ է ասում Նախագահը: Համայնքները հավաքած սեփական եկամուտների, չտված աշխատանքի դիմաց պետք է ստանան պետական աջակցություն»:
«Հայաստանում բոլորը գող են ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում: Սա, իհարկե, մեր խնդիրն էլ է, բայց առաջին հերթին ձեր խնդիրն է»՝ նախագահի խոսքի հետ ևս Մարտունու ղեկավարը համաձայնեց. «Այո՛, գողացողի ձեռքը պետք է կտրել»:
Վերջում Ավետիսյանն իրատեսական համարեց նաև10 000 դոլարին համարժեք՝ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի հասնելու՝ Նախագահի ցանկությունը՝ պնդելով, որ դրա համար պետք է անընդհատ աշխատել:
Մարտունու ղեկավարից հետքրքվեցինք նաև՝ ի՞նչ խնդիրներ ունի իր ղեկավարած քաղաքը:
Ի պատասխան՝ վերջինս նշեց. «Դե մեր ամենաառջնային խնդիրը աղբահանության հարցն էր, որը լուծել ենք»:
Ճշտող հարցին՝ փաստորեն՝ առաջնայինն աղբահանությո՞ւնն է ոչ թե աշխատատեղերի հարցն ու արտագաղթի տեմպերի նվազումը՝ հաշվի առնելով արտագնա աշխատանքի մեկնող մարտունեցիների թվի մեծ քանակը, նա պատասխանեց. «Մարտունեցին հոգով էնպիսին է, որ միշտ էլ գնում է, դրսում աշխատում է, բայց գալիս է: Աշխատատեղերի հարցն էլ փորձում ենք լուծել, պարզապես միշտ չէ, որ եղած աշխատատեղն ու աշխատավարձը քաղաքացիներին բավարարում են»:
Աղավնի Սուքիասյան