Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթները:
Հիմնական զեկուցողի` ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանի խոսքով՝ առաջարկվող նախագծով նախատեսվում է եկամտային հարկի հաշվին հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման ծրագիրը սահմանափակելով, աջակցություն տրամադրել բնակարան ձեռք բերել ցանկացող սոցիալական այն հատվածին, որն ունի դրա կարիքը և ծրագրի իրական շահառուն է:
Այսինքն՝ պետությունը ստանձնում է պարտավորվածություն՝ եկամտահարկից ստացված տոկոսները քաղաքացուն վերադարձնել միայն մեկ անգամ: Եթե նույն քաղաքացին երկրորդ անգամ ցանկանա հիփոթեքով բնակարան ձեռք բերել, կամ դառնալ համավարկառու, պետության այդ աջակցությունից կզրկվի:
Ըստ փոխնախարարի` կառավարությունը, ծրագրում սահմանափակումներ մտցնելով, փոխում է նպատակադրումը: «Մենք ասում ենք, որ պետությունն այս ծրագրով ամեն տարի 2.8 միլիարդից 3 միլիարդի բեռ է վերցնում, իսկ այն ամեն տարի ձնագնդի էֆեկտով ավելանում է, որովհետև հիփոթեքային վարկի պայմանագրերը ավելի շատ են կնքվում, ուստի՝ մենք ցանկանում ենք հասցեական դարձնել ծրագիրը: Եթե մենք դրել ենք սոցիալական բաղադրիչ և բիզնես բաղադրիչ և տեսնում ենք, որ սոցիալականի հաշվին ոգևորել ենք բիզնեսին, ցանկանում ենք փոխել նպատակադրումը և զարկ տալ սոցիալական հատվածին, իրական շահառուներին օգնել, ոչ թե գնողունակ հատվածին»,-ասաց Դավիթ Անանյանը: