Արցախում դիվանագետների հետ հանդիպումից հետո, ի լուր աշխարհի եւ սահմանին զինտեխնիկա կուտակող Ադրբեջանի, ՀՀ արտգործնախարարի մակարդակով հայտարարվեց, որ չի բացառվում՝ մինչեւ տարեվերջ մեկ երկիր ճանաչի Արցախի անկախությունը: Դա տեխնոլոգիա՞ էր, թե՞ իրականություն՝ դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ մինչեւ վերջին պահը չի բացահայտվելու, թե դա որ երկիրն է. բանակցություններն ընթանալու են փակ-գաղտնի: Պատճառն էլ պարզ է՝ որպեսզի այդ երկրի նկատմամբ որեւէ կարգի ճնշումներ չլինեն: Այդ թվում եւ Ռուսաստանի՞ կողմից: Նման սցենարն անշուշտ հղի է որոշակի վտանգներով: Մասնավորապես՝ Արցախի ճանաչումը որևէ երկրի կողմից՝ կարող է ազատել Ադրբեջանի ձեռքերը՝ պատերազմ սկսելու առումով, այսինքն՝ Բաքուն որոշակի իմաստով ռազմական գործողությունների դիմելու լեգետիմ իրավունք կստանա:
Մյուս կողմից՝ չի բացառվում նաև հակառակը: Միջազգային հանրության՝ ԱՄՆ, Ավստրալիայի մի շարք նահանգների կողմից Արցախի անկախության ճանաչմամբ նոր տենդենցների հիմք կարող է դառնալ եւ ադրբեջանական բոլոր կարգի ոտնձգությունները կարող են բացառվել հենց դրանով: Քանի որ գործ ունենք անհավասարակշռված հարևանի հետ, դժվար է կռահել Ալիև կրտսերի վարքագիծը, մյուս կողմից էլ՝ Բաքուն Արցախից հնչած հայտարարությանը որևէ կերպ չի արձագանքել: Գուցե Ադրբեջանում տեղյակ են, թե ինչի և հատկապես որ լսարանի համար էր այն արված և որքանով է իրատեսական, և հենց դա է պատճառը, որ սովորականի պես գործի չեն դրել խավիարային դիվանագիությունը և նավթադոլարները: Այնուամենայնիվ, ո՞ր երկիրը նկատի ուներ հայկական կողմը: Նկատի առնելով վերջին շրջանում դիվանագիտական խողովակներով արված հայտարարությունները, ուղերձները՝ հավանական տարբերակը մեկն է՝ Ուրուգվայը: Հատկապես, որ այս երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքում մեծ է հայկական համայնքի գործոնը և մյուս կարևորագույն ասպեկտը՝ Ուրուգվայը նավթային գործարքներով ալիևյան կլանի հետ կապված չէ: Ինչևէ, սպասենք մինչև տարեվերջ:
Ստելլա Խաչատրյան