Հայաստանի Հանրապետությունը 2018թ.-ի գարունը կդիմավորի առանց Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների: Այս մասին Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին էր վերջնաժամկետ ներկայացրել պաշտոնական Անկարային` 2009թ.-ին կնքված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չվավերացնելու համար: «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը եւ վավերացնել միայն իրեն հարմար առիթով»,- ասել էր Սերժ Սարգսյանը` հավելելով, որ պատրաստ է առ ոչինչ համարել այդ փաստաթղթերը մինչեւ հաջորդ գարուն, երբ ըստ էության՝ կլրանա իր պաշտոնավարման ժամկետը: Կա հիմք եզրակացնելու, որ Երևանը կայացրել է որոշումը, հետևաբար, հետաքրքիր է, թե ինչո՞ւ այն չի հռչակում հենց այժմ, այլ 2018-ի գարնանը: Անչափ ուշագրավ է նաև այն, որ իր քաղաքական ապագայի, ծրագրերի մասով Սերժ Սարգսյանը չունի որոշում, սակայն հայ-թուրքական արձանագրությունների մասով որոշումն, ինչպես երևում է՝ հստակ է, և այդ մասին հայտարարվում է արդեն երկրորդ անգամ:
 
2018-ին կլրանա «Ֆուտբոլային դիվանագիտության» նախաձեռնության 10 տարին։ Դրա տապալումը չի կարելի համարել ՀՀ արտաքին քաղաքականության պարտություն։ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից ութ տարի անց ակնհայտ է, որ գնդակն այդպես էլ մնաց թուրքական «դաշտում»։ Պաշտոնական Երեւանը համբերատար շուրջ 10 տարի սպասում էր, եւ հստակ է բոլորի համար, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն այս 10 տարիներին Երեւանը մշտապես պատրաստ է եղել։
 
Խոշոր հաշվով՝ հայ-թուրքական արձանագրություններն անցած փուլ են հանդիսանում ու այլևս պիտանի չեն վերադարձի ոչ միայն Հայաստանի կամ Թուրքիայի ցանկության, կամքի, այլ պարզապես աշխարհաքաղաքական տրամաբանության բերումով: Սակայն Սերժ Սարգսյանը պատրաստվում է խաղարկել արձանագրությունների խաղաքարտը ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ ներքաղաքական գործընթացներում դիվիդենտներ ստանալու նպատակով: Չմոռանանք, որ գարնանը սպասվում է Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նոր ռաունդը, իսկ հայ-թուրքական արձանագրությունները մնացին առկախված հենց Թուրքիայի՝ Արցախի հարցում առաջ քաշված նախապայմանների պատճառով: Ոչ պակաս կարևոր են նաև ներքաղաքական գործընթացները, որոնք սպասվում են 2018-ի գարնանը: Սերժ Սարգսյանը հանրությանն արդեն իսկ հասկացրել է, որ հավակնում է համահայկական լիդերի դերը ստանձնելուն,  իսկ այդ հարցում նրան հարկավոր է Սփյուռքի անվերապահ աջակցությունը: Համահայկական համաժողովը, որը կայացավ Երևանում, ցույց տվեց, որ Սարգսյանն այս պահին այդ աջակցությունը չունի, կան անելիքներ և դրանցից առաջնայինը հենց սփյուռքի կողմից ի սկզբանե չընդունված հայ-թուրքական համաձայնություններից «ինքնամաքրվելն» է:
 
Ստելլա Խաչատրյան