Եթե լավ աշխատենք, կարծում եմ, 2-3 տարիների ընթացքում հնարավոր կլինի հասնել վիազաների ազատականացմանը: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» ՀԸ տված բացառիկ հարցազրույցի ժամանակ:
«Ուզում եմ, որպեսզի բոլորին հասկանալի լինի, որ նոր համաձայնագիրն առանձին գործընթաց է, իսկ մուտքի արտոնագրերի ազատականացումը, կամ, ինչպես դուք եք ասում, վիզաների պահանջի վերացումը, այլ գործընթաց է: Իհարկե, դրանք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են իրարով, բայց ստորագրել նոր համաձայնագիր' չի նշանակում, որ ինքնին սկսվեց վիզաների կամ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը:

 

Այո՛, գագաթնաժողովի ժամանակ եղավ կարծիք, որ երևի թե անհրաժեշտ է սկսել երկխոսություն այս առումով: Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա, միգուցե, առաջին կեսին կամ մինչ այդ, թեև անշնորհակալ գործ է երկրով մեկ հայտարարություն անել որևէ ժամկետի մասին, բայց, կարծում եմ, այդ ժամանակահատվածում մենք կսկսենք երկխոսությունը: Այստեղ ևս բազմաթիվ խնդիրներ կան, դա տևական պրոցես է։ Եթե լավ աշխատենք, կարծում եմ, 2-3 տարիների ընթացքում հնարավոր կլինի հասնել վերջնանպատակին», -ասել է Սերժ Սարգսյանը: