Այսօր, Ազգային ժողովում, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկեց «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինարը, որի ժամանակ հայտարարություններով հանդես եկան մի շարք պատգամավորներ:

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը, խոսելով պաշտպանության ոլորտում միջազգային պրակտիկայի կիրառման մասին, ասաց, որ միջազգային պրակտիկան մեզ հնարավորություն է տվել հետևություն անելու, թե որն է ճիշտ կառավարման համակարգը մեր երկրի համար. «Հայաստանը, հատկապես պաշտպանական քաղաքականության դերի առումով, կարող է ավելի սրընթաց զարգացումներ ունենալ, եթե մեր հարևան Ադրբեջանը չսադրի: Ինչևէ, ժողովրդավարության զարգացմանն ուղղված անհրաժեշտ խորհրդարանական վերահսկողությունը կոչված է բարձրացնելու անվտանգության մարմինների վարկանիշը, ինչպես նաև ապահովելու բաց և թափանցիկ հանրային կառավարում»,- հայտարարեց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ ՀՀ ԶՈւ կառավարման ոլորտի թափանցիկությանն ուղղված քայլերի մի մասն արտացոլված է հանրային իրազեկման հայեցակարգում: «Հայեցակարգով սահմանված է նաև, որ բանակաշինության և Զինված ուժերում առկա վիճակի մասին հասարակական տեղեկացվածությունը բավարար հիմք կդառնա` զինվորական կարգապահության ապահովման պատրվակով անհատի իրավունքների խախտումը բացառելու համար: Սրան օգնության կգա խորհրդարանն իր համապատասխան մշտական հանձնաժողովի միջոցով»,-ասաց պատգամավորը:

Ըստ Մախմուդյանի՝ ՊՆ համակարգում խորհրդարանական վերահսկողութան մի քանի ձևեր են նշմարվում, որոնցից մեկը խորհրդարանի անդամների կողմից կառավարության անդամներին գրավոր կամ բանավոր հարցեր ուղղելն է: «Երկրորդ ուղղությունը հանրային լսումներ ու քննարկումներ անցկացնելն է: Հաջորդ ուղղությունը քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա ամփոփ հաշվետվություններ կազմելն ու պատասխանատու մարմիններից պարզաբանումներ ստանալն է»:

«Զինված ուժերում այնպիսի համապետական գործընթացի, ինչպիսին զորակոչն է, աշխատանքներին հետևելը և անմիջական կերպով մասնակցելը մեր հասարակությանն ամենամտահոգող հանգամանքներից մեկն է: Եվ այս ուղղությամբ հաջողվել է տարեցտարի հասնել այն նպատակին, որ առնվազն մինիմալիզացվել է այն դժգոհությունների չափը, որ տեղի էր ունենում զինակոչի ժամանակ»,- ասաց Մախմուդյանը, ապա տեղեկացրեց, որ միջազգային շատ գործընկերներ ցանկանում են մեր փորձն ընդօրինակել, մասնավորապես` այն երկրները, որոնք ունեն կոնֆլիկտային խնդիրներ հարևան պետությունների հետ:

Այնուհետև պատգամավորն ասաց, որ  Հայաստանը կարող է խորհրդարան- ՄԻՊ-գործադիր իշխանություն համագործակցության ձևաչափ՝ առավել արդյունավետ աշխատելու համար: