Իրանագետ Վարդան Ոսկանյանը այն արտադրատեսակների մասով, որով Հայաստանը կարող է ներկայություն ունենալ իրանական շուկայում, ավելի ինտենսիվ բանակցելու անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետը' անդրադառնալով հարցին, թե հնարավոր է արդյոք առաջիկայում հայկական ապրանքներն իրանական շուկա մուտք գործեն դյուրացված կարգով: «Ակնկալել, որ Իրանը կդառնա շուկա հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար, իրատեսական չէ, քանի որ Իրանը գյուղատնտեսական արտադրանք արտահանող երկիր է»,-ասաց իրանագետը:
Վարդան Ոսկանյանի խոսքով' Իրանը վարում է սեփական արտադրողի, սեփական շուկայի ակնհայտ պրոտեկցիոնիստական (ներքին շուկայի պաշտպանության) քաղաքականություն: «Լինելով գրեթե ինքնաբավ երկիր, իրանցիները սեփական երկրում արտադրում են գրեթե ամեն ինչ, դա հատուկ քաղաքականություն է'միտված երկրի անվտանգությունն ապահովելուն: Նրանք պաշտպանում են սեփական շուկան'սահմանելով բարձր մաքսատուրքեր, զանազան արգելքներ ներմուծվող ապրանքների համար»,-հավելեց նա:
Բայց, ըստ նրա, կան որոշ ոլորտներ, որտեղ Հայաստանը կարող է հեշտությամբ մրցակցել, օրինակ, բարձր տեխնոլոգիական ոլորտը, որտեղ իրանցիները կարիք ունեն արտասահմանյան ներկայության: Վարդան Ոսկանյանը նկատեց, որ հատկապես մեքենաշինության ոլորտում Հայաստանը կարող է օգտակար լինել, քանի որ իրանցիները փորձում են ստեղծել արդյունաբերական հզորություններ: «Համակարգի արդիականացման խնդիր կա, կարծում եմ' մեր մասնագետները կարող են դա հաջողությամբ կիրականացնել»,-ավելացրեց բանախոսը: