Ազգությամբ եզդի Սարմադ Ազիզ Շամոն Հայաստան է ժամանել Իրաքից ուսումն այստեղ շարունակելու համար: Սարմադը, ով մասնակցում էր եզդիական համայնքի հետ միասին այսօր նշում էր Կարմիր Սուլթան Եզիդի տոնը, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանն ու հայերին շատ է հավանել:
«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Արդեն մեկ ամիս է, ինչ այստեղ եմ: Սովորում եմ «Հայբուսակ» համալսարանում: Այստեղ չունեմ բարեկամներ, ծնողներս եւս Իրաքում են, բայց տեղեկանալով, որ այստեղ եւս կա մեծ եզդիական համայնք, կա մեծ բարեկամություն հայ ժողովրդի հետ, եկա Հայաստան: Ծանոթացա ներկայացուցիչների հետ, եւ կարող եմ ասել, որ ինձ համար մեծ պատիվ է այստեղ մեր համայնքի հետ նշել այս տոնը: Իրաքում իրադրությունը բարվոք չէր, իսկ ես ցանկանում էի շարունակել ուսումս, գիտեք, բժշկությունն անընդհատ ուսում է պահանջում, իսկ այնտեղ դժվար էր»,-ասաց երիտասարդը եւ հավելեց, որ իր համար այստեղ հանգիստ է, իրեն օտար չի զգում, քանի որ հոգատար վերաբերմունքի է արժանացել:
Նրա խոսքով՝ նախքան Հայաստան գալը տարբեր կարծիքներ էր լսել այս երկրի մասին, որ մարդիկ այստեղ զարգացած չեն, այն որոշակիորեն մեկուսացված է, սակայն այստեղ գալուց ի վեր հակառակ պատկերին է ականատես եղել:
«Այստեղ ժողովուրդը զարգացած է եւ, ամենակարեւորը, բարյացակամ է, ունի հարգանք եւ պատիվ նաեւ այլ ազգերի նկատմամբ»,-նշեց Սարմադը: