Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ մարզերից ներկայացվող ներդրումային եւ գործարար ծրագրերի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:
Կառավարությունից հայտնում են, որ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը զեկուցել է, որ ՀՀ մարզերից ներկայացված 80 ծրագրի հայտի ընթացք չէր տրվել, բայց դրանք եւս մեկ անգամ վերագնահատվել են, եւ 19 ծրագիր որոշակի վերապահումներով կարող է ներկայացվել ֆինանսավորման՝ անցնելով համապատասխան ընթացակարգը: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ոլորտային գերատեսչությունների ղեկավարներին՝ սեղմ ժամկետում Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ մեկ անգամ եւս քննարկել այդ ծրագրերը եւ դրանց իրագործելիության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:
Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարեւորել է շահագրգիռ յուրաքանչյուր գերատեսչության ենթակայության ներքո գտնվող մարզային կառույցների ակտիվ աշխատանքը եւ հանձնարարել հետեւողական լինել մարզերում տնտեսական ակտիվության բարձրացման գործիքակազմի աջակցության հարցում: