Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգի 11-րդ հարցով առաջարկվում էր Երևանի Ավան համայնքում գտնվող Նարեկացի թաղամասում գտնվող հողամասերը փոխանակել Բակունցի փողոցում գտնվող հողամասի հետ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Նարեկացի թաղամասում քաղաքացիներին պատկանող հողամասերը գտնվում են եկեղեցուն կից և փոխանակման եղանակով հնարավոր կլինի եկեղեցու հարակից տարածքն ավելի բարեկարգել և կանաչապատել:

Այս նախագծին դեմ քվերակեց ավագանու ԵԼՔ խմբակցությունը՝ նշելով, որ փոխանակվող տարածքում ցանկացած շինաշխատանքի իրականացումն աղճատելու է տարածքի էկոլոգիան:

Խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը նշեց, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովում այս հարցը լուրջ ուսումնասիրության չի ենթարկվել, և հանձնաժողովի անդամներն ընդամենը կիրառել են «դակիչի» իրենց իրավունքը:

Հարցին արձագանքեց հանձնաժողովի նախագահ, ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանը՝ նշելով, որ այս հարցը շատ լուրջ քննարկման է դրվել իրենց հանձնաժողովում, և ինքը չի պատրաստվում հանձնաժողովի նիստերը շոուի վերածել՝ ըստ էության մերժելով Սիմոնյանի՝ իրենց ուղղված մեղադրանքները:

Հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաև ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: «Պարո՛ն Թոքմաջյան, թեև ես ներկա չեմ գտնվել հանձնաժողովի նիստին, սակայն իմ գործընկերները հայտնել են իրենց վրդովմունքը հանձնաժողովի նիստերի անցկացման կարգի վերաբերյալ: Մենք այսօր բերել ենք մի փաստաթուղթ, ըստ որի՝ դուք երկու կետով խախտել եք հանձնաժողովի անցկացման ընթացակարգը, ուստի՝ նման «ափալ-թափալ» մոտեցումը հանձնաժողովի նիստին՝ առնվազն լուրջ չէ, և իմ հարցը հետևյալն է՝ Դուք պատրա՞ստ եք արդյոք արդունավետ համագործակցության»,-ասաց Սամսոնյանը:

Վերջինիս այս դիտարկմանն արձագանքեց ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը՝ նշելով, որ համագործակցության համար պետք է նախևառաջ պրոֆեսիոնալ լինել: 

Հովհաննես Թոքմաջյանն էլ Անի Սամսոնյանին խորհուրդ տվեց չհիմնվել իր գործընկերների ասածի վրա, քանի որ հանձնաժողովի որևէ նիստ խախտումով չի անցկացվել և նիստը վարողը, ով, ի դեպ, պրոֆեսիոնալ է, որևէ խախտում չի կատարել:

Վեճին միջամտեց ԵԼՔ խմբակցության մեկ այլ անդամ՝ Արայիկ Հարությունյանը՝ Թոքմաջյանին հիշեցնելով դեռևս սեպտեմբերին արված նրա որոշ կոչեր: 

Թոքմաջյանն էլ Հարությունյանին խորհուրդ տվեց դիտել Մյունհաուզենի ֆիլմերից մեկը, որը նայելուց հետո գուցե կհասկանա, որ դեմքի լուրջ արտաայտությունը դեռ խելոքության նշան չէ:

Թոքմաջյանին պատասխանեց Ալեն Սիմոնյանը՝ Հովհաննես Թոքմաջյանի հիմնավորումները համարելով օրենքից զերծ և կոչ արեց տարբեր հեղինակներին չցիտել, որովհետև այդ պատկերն իրեն հիշեցնում է նկարիչ Ռեշետնիկովի՝ Опять двойка կտավը:

 

Картина Решетникова Опять двойка . 1952 г.

«Опять двойка»,-խոսքը եզրափակեց ԵԼՔ-ի ավագանու անդամը: