Հայաստանում վերջին տարիներին խմիչքից ավելի շատ թունավորվում են երիտասարդները և կանայք։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։
«Ամանորյա գնումներ անելիս առաջնային խորհուրդս է խանութներում պարտադիր ստուգել սննդամթերքի պիտանիության ժամկետները։ Շատ դեպքեր են լինում, երբ մարդիկ գնում են ժամկետանց ուտելիքներ և թունավորվում։ Բոտուլիզմի դեպքերից խուսափելու համար պետք է պահածոյացված բանջարեղենը օգտագործելուց առաջ մոտ 30 րոպե եռացնել ջրում, ինչից հետո ուտել»,- նշեց ՀՀ գլխավոր թունաբանը։
Նա ընդգծեց, որ վերջին տարիներին խմիչքից թունավորումները եղել են դրա չարաշահումից և ոչ անորակությունից։ Գաբրիելյանը նշեց, որ խմիչքից ավելի շատ սկսել են թունավորվել երիտասարդները, նաև կանայք։
«Աղցանների պահպանման ժամկետը, որոնք մայոնեզով և թթվասերով են պատրաստված, շատ քիչ է։ Այս ամենը վերաբերում է նաև աղացած մսին, ուտելիքները անընդհատ տաքացնել- սառեցնելուն։
«Կանանց հորդորում եմ ուտեստները պատրաստելիս շատ ուշադիր լինել նաև գազօջախների մոտ աշխատելիս, քանի որ գազի թունավորումների դեպքերը գնալով շատանում են»,- շեշտեց Միքայել Գաբրիելյանը։