Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է երթևեկության բարելավմանն ուղղված ակտիվ միջոցառումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այսուհետ խաչմերուկների տեսախցիկները ոչ միայն ճանապարհատրասպորտային կանոնների իրավախախտումներ կֆիքսեն, այլև կունենան ճանապարհներին խցանումների վերացմանն օժանդակելու գործառույթ:

ՃՈ պետ Եգոր Կարապետյանը նշել է, որ Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքներով ներկայացվել են մի շարք առաջարկություններ Երևան քաղաքի խաչմերուկներում որոշակի ժամերին խցանումները նվազեցնելու ուղղությամբ:

«Խնդրի լուծման նպատակով Երևան քաղաքի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկների միջոցով օնլայն կարգով կարող են հետևել երթևեկությանը խաչմերուկներում և հարկ եղած դեպքում միջամտել ռեժիմի աշխատաքներին»,- ասել է Կարապետյանը:

«Սեքյուրիթի դրիմ» ԽԱԿ ղեկավար Արսեն Ղազարյանի խոսքով' նախապես հաշվարկվում է, թե պիկ ժամին մոտավորապես քանի մեքենաներ են անցնում խաչմերուկով, ինչպես նաև առավելագույն անցունակությունը ապահովվող լուսացույցի տևողությունները, որից հետո տվյալ ռեժիմը պիկ ժամերին միացվում է:

«Ռեժիմը միացնելուց զատ նաև հետևում ենք փաստացի հոսքերին և, եթե կան խնդիրներ, համապատասխանաբար լուսացույցի թույլատրվող ազդանշանը երկարացնում ենք կամ նվազեցնում»,- նշել է Ղազարյանը:

Համակարգը կիրառվել է Ազատության-Մամիկոնյանց, Ազատության-Նիկողայոս Ադոնցի, Ազատության-Թբիլիսյան փողոցների խաչմերուկներում: