Իրանի Իսլամական հեղափոխության Պահպանության կորպուսի հրամանատար Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել է, թե խառնակչությունը Իրանում ավարտված է.

«Հայտարարում եմ 2017 թվականի խառնակչության և անկարգությունների տապալման մասին: Բողոքավորների քանակը քիչ էր և ամբողջ Իրանում չգերազանցեց 15 հազարի սահմանը», - ասել է Ջաֆարին:

Նրա խոսքով` երկրում հայտնվել են «Իսլամական պետության» ահաբեկիչներ, որոնք գործում են ԱՄՆ-ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հրահանգներով: Իրանի խոշորագույն քաղաքներում ընդվզումները շարունակվում են 2017թ. դեկտեմբերի 28-ից:

Ըստ վերջին տվյալների՝ անկարգությունների ընթացքում զոհվել է նվազագույնը 20 մարդ: Պատճառներից մեկը, որը մարդկանց ստիպել էր փողոց դուրս գալ, երկրում ծանր տնտեսական վիճակն էր: Դեկտեմբերի 31-ին երկրի իշխանությունները արգելափակել էին Իրանում մեծ տարածում ունեցող Telegram մեսինջերը և Instagram սոցիալական ցանցը: