Իրանում շարունակվում են բողոքի ցույցերն՝ ընդդեմ երկրում տիրող ծանր տնտեսական վիճակի և իշխանությունների վարած քաղաքականության: Թուլացած Իրանն իրապես կարող է տարածաշրջանային լարվածության նոր օջախ դառնալ: Նրա վարքագիծը կարող է անկանխատեսելի դառնալ Իրաքում և Սիրիայում, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում, որոնց Թեհրանում ռազմավարական գործընկեր չեն համարում:
Եթե դիտարկենք ստեղծված իրավիճակում տարածաշրջանում մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի օրինակը, ապա պետք է փաստել, որ Իրանում ստեղծված իրավիճակից Ադրբեջանը կարող է ունենալ կամ զգալի կորուստներ, կամ ընդհակառակը՝ քաղել դիվիդենտներ: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը դիտարկվում է որպես հակաիրանական երկիր՝ իր հակաիրանական քարոզչության և, ինչու ոչ, գործողությունների պատճառով, որոնք իրականացվում են ԱՄՆ-ի և Իսրայելի հովանու ներքո: Այս տեսանկյունից հիմա արդեն ԱՄՆ-ի համար Ադրբեջանը կկորցնի իր նշանակությունը: Մյուս կողմից, ինչ վերաբերում է Իսրայելին, միգուցե վերջինիս համար, ընդհակառակը, Ադրբեջանի նշանակություն մեծանա, քանի որ այն կարող է դառնալ Իսրայել-Սաուդյան Արաբիա հնարավոր դաշինքի կազմավորման մի մաս: Սա, բնականաբար, կսրի իրանա-ադրբեջնական հարաբերությունները: Գաղտնիք չէ, որ իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրների համատեքստում արցախյան ստատուս-քվոն բխում է Իրանի շահերից: Բնական է, որ Իրանի շահերից է բխում, որ երկրի հյուսիսային սահմանները լինեն Արցախի և Հայաստանի Հանրապետության հետ, քան՝ Ադրբեջանի Հանրապետության, որտեղից պարբերաբար իրականացվում են տարբեր սադրանքներ՝ կապված Իրանի հյուսիսում թյուրքալեզու ատրպատականցիների նկրտումների հետ: Հունվարի 7-ին սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել: Արդեն իսկ նկատվում է, որ Ադրբեջանը փորձում է շոշափել հողը Արցախում՝ պայմանավորված Իրանում առկա ներքաղաքական լարվածությամբ:
Վերջին շրջանում Հայաստանի և արցախյան օրակարգի շուրջ միջազգային հանրության վերաբերմունքի փոփոխություն է տեղի ունեցել, ավելի քան երբև՝ Հայաստանը մոտ է Արցախի սուբյեկտայնության հաստատմանը միջազգային հարթակում: Հատկապես ՀՀ-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրումից հետո, երբ էլ ավելի ակնհայտ դարձան Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա որակական տարբերությունները: Բաքվին այսօր այլ ելք չի մնում, քան պարբերաբար օգտագործելով հարմար առիթը՝ փորձել հակամարտությունը պահել տաք վիճակում: Գլոբալ խնդիր Ալիևն անշուշտ չի լուծի, սակայն ժամանակ կշահի:
Ստեղծված դրությունը Իրանի համար սպառնալիք է ոչ միայն Արցախյան հակամարտության շրջանակներում: Ադրբեջանը կփորձի ռազմական գործողություններ սկսել, եթե Իրանի դեմ սկսվեն ռազմական գործողություններ, և Իրանը հասնի այնպիսի իրավիճակի, որ այլևս չկարողանա պատասխան տալ: Այդ դեպքում Ադրբեջանը, հնարավոր է, փորձի զորքեր մտցնել Իրանի Ատրպատական տարածք: Բաքուն վաղուց «աչք է դրել» Իրանի հյուսիսային նահանգների վրա, և յուրաքանչյուր պատեհ առիթով հայտարարում է, որ դրանք «պատմական ադրբեջանական հողեր են»: Նման հռետորաբանությունը, բնական է, նյարդայնացնում է Թեհրանին: Իրանցի պաշտոնյաներին անհանգստացնում է նաև Իսրայելից զինամթերք գնելու Ադրբեջանի մտադրությունը: Դա է պատճառը, որ վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունները, մեղմ ասած, լարված են: Մյուս կողմից՝ այս սցենարի իրագործումը քիչ հավանական է թվում՝ Բաքվի քաղաքական և տնտեսական մեկուսացման և Ալիևների կլանի համար անչափ կարևոր ընտրությունների նախաշեմին: Իհարկե, իշխանափոխություն հարևան «սուլթանությունում» չի սպասվում, սակայն ներիշխանական տրանսֆորմացիաներն ամենևին էլ բացառված չեն, իսկ այս պարագայում, հասկանալի է, որ Ալիևի համար քիչ թե շատ ծավալուն ռազմական գործողությունների մեջ խրվելը ավելորդ «շքեղություն» է:
Ստելլա Խաչատրյան