ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի անդամ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:

 

-Պարո՛ն Սադոյան, հունվարի մեկից հետո երկրում սկիզբ է առել թանկացումների այնպիսի շղթա, որը սպառնում է հանգեցնել ընդվզումների: Ի դեպ, բողոքի ակցիայի մասին արդեն հայտարարել է ԱԺ ԵԼՔ խմբակցությունը: Թանկացումների հարցը քննարկվե՞լ է Հանրային խորհրդում:

-2018 թ. հունվարի մեկից սկսվող թանկացումների և հասարակության մեջ հնարավոր դժգոհության նոր ալիքի բարձրացման մասին մենք Հանրային խորհրդում ունեցել ենք քննարկում: Քննարկմանը հրավիրել էինք նաև Կառավարության ներկայացուցիչների, որոնց արվեցին առաջարկներ, սակայն այդ քննարկումից հետո դեռևս Կառավարության կողմից որևէ արձագանք չենք ստացել:

 -Արձագանք չկա նաև իշխանությունների կողմից: Տպավորություն է, որ նրանք այդ թանկացումներն իրենց մաշկի վրա չեն զգում:

-Դե՛, հավանաբար այնքան են տարված Նոր տարվա ուտել-խմելով, որ ժամանակ չեն գտնում արձագանքելու, իսկ իրականում շատ մեծ բացասական ազդեցություն է ունենում բոլորիս ընտանիքների վրա: Իսկ նախքան թանկացումներին արձագանքելն, իշխանությունը պետք է այդ ամենամեծ և ամենախայտառակ քայլին չդիմեր:

-Իշխանության ո՞ր քայլի մասին է խոսքը:

-Անհասականալի պատճառներով՝ մեր իշխանությունը գնաց դեպի հետամնաց ասիական ապագայի հեռանկարին այն պարագայում, երբ Եվրոպան առաջարկում էր մեզ համար շատ ընդունելի համագործակցություն: Եվ իշխանությունների այս սխալ քայլը չի արդարացնում այդ նույն իշխանության որոշ ներկայացուցիչների հայտարարությունը, թե դա երկրի պաշտպանության նպատակով է արվել: Այս թեզը հօդս ցնդեց, երբ հասկացանք, որ Պուտինը փող աշխատելու նպատակով պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետության՝ ընդհուպ՝ մեր հակառակորդ Ադրբեջանին: Եթե մի պետության սկզբունքն է պատերազմ հրահրելով իր ռազմական համալիրը պահել, ինչպե՞ս կարելի է գնալ այդ պետության հետ համագործակցության, և մեր այդ կոպիտ սխալի հետևանքը հենց այս թանկացումներն են:

 -Իշխանության կարկառուն ներկայացուցիչները Ձեր այս դիտարկմանը կհակադարձեն՝ ընդգծելով, որ նույն Պուտինը մեզ ներքին գներով է զենք վաճառում:

 

-Մեզ ոչ ոք էլ ներքին գներով զենք չի վաճառում: Իսկ ինչ վերաբերում է իշխանության կարկառուն ներկայացուցիչների՝ ԵԱՏՄ-ի օգտին արված հայտարարույթուններին, ապա պետք է ասեմ, որ դրանք ձևական խոսակցություններ են: Չէ՞ որ բոլորն էլ գիտակցում են, որ երկրում նման թանկացումների ալիք սկսվեց հենց նույն Եվրասիական տնտեսական միության անդամակցության և հարկային բեռի ավելացման հետևանքով:

-Ստեղծված իրավիճակում ի՞նչ առաջնային ծրագրեր պետք է իրականացնի Կառավարությունը: 

-Համարձակ քայլերի պետք է դիմի, որոնք, ցավոք սրտի, դեռ չեմ տեսնում: Ընդհանուր առմամբ՝ պետք է նշեմ, որ երբ համեմատում ենք նախկին և ներկա կառավարությունների գործունեությունները, փաստում ենք, որ Կարապետյանի ղեկավարած Կառավարությունը որոշակի քայլեր իրականացրել է, որոնք, սակայն, բավարար չեն: Ավելին՝ համարձակ քայլ չի կարելի որակել դրանք. չէ՞ որ համարձակ է այն քայլը, որը կատարվում է ընդդեմ որոշակի դիմադրության, իսկ նա  քայլերի չի դիմել ինչ-որ դիմադրության արդյունքում: 

Երբ կոնկրետ քայլ տեսնենք՝ օրինակ, թե ինչպես է Կարեն Կարապետյանը համարձակվում և իսկապես համարձակ քայլ կատարում ընդդեմ Ռուսաստանի, ընդդեմ այն պետության, որը Ադրբեջանին 6 մլրդ դոլարի զենք է վաճառել, իսկ մեզ՝ ընդամենը 200 մլն դոլարի, այն ժամանակ կասեմ, որ մեծ գործ են անում:

Իսկ երկրում ծայր առած թանկացումների առաջն առնելու համար Կառավարությունը պետք է հրատապ կիրառի որոշակի զսպող մեխանիզմներ:

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի