Հայաստանը նոր տարին թանկացումներով սկսեց: Հունվարի սկզբից բարձրացել է սեղմած գազի, դիզվառելիքի ու բենզինի գինը: Սա պայմանավորված է ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ: Հունվարի 1-ից շրջանառության մեջ մտած Հարկային օրենսգրքով բարձրացել է ակցիզային հարկի դրույքաչափը: Ընդ որում, եթե մի շարք ապրանքների մասով դրանք փուլային են բարձրանալու՝ մինչև 2020թ, կոնկրետ դիզվառելիքի, բենզինի ու սեղմած գազի դեպքում փուլային դրույքաչափ նախատեսված չէ: Ահա նման աղետալի պատկեր ունենալու պայմաններում այսօր Դաշնակցության Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել է մի ուսումնասիրություն, որը վերաբերում է ոչ թե ընդհանուր գնաճին, այլ ընդամենը բենզինի, սեղմված գազի, դիզվառելիքի թանկացմանը, ինչը պայմանավորված է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով: Դաշնակցությունը վստահ է, որ բենզինի շուկայում առկա է հակամրցակցային համաձայնություն, և այս փաստի վրա է հրավիրում կառավարության և պատկան մարմինների ուշադրությունը: Այսօր էլ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը պատրաստվում է այս հարցը քննարկել կոալիցիոն խորհրդում:
ՀՅԴ պահվածքը, ինչ խոսք, ուշագրավ է: Դաշնակցությունը կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի հետ ատամներով պաշտպանեց և անցկացրեց նոր Հարկային օրենսգիրքը: Արդյո՞ք ՀՅԴ-ական տնտեսագետները չէին հուշել իրենց պատգամավորներին, թե ինչպիսի փոփոխությունների կարող են հանգեցնել այդ փոփոխությունները: Կամ այլ հարց՝ ինչո՞ւ է ՀՅԴ-ն թիրախավորում հենց բենզինի, սեղմված գազի, դիզվառելիքի թանկացումը: Մի՞թե մյուս ոլորտներում չկան ներքին համաձայնություններ. իհա՛րկե կան: Սակայն ՀՅԴ-ին, չգիտես ինչու, հուզում է միայն դիզվառելիքի շուկան: Գուցե հենց այստեղ է, որ վտանգվում են դաշնակցականների անձնական կամ կուսակցական շահերը:
Եթե կար փոփոխությունների կանխատեսումը, ապա հնարավոր էր դրա մասին ահազանգել շաբաթներ առաջ և ձեռնարկել քայլեր, որոնք կարող էին զսպել գների կատաղի թռիչքը: Սակայն ՀՅԴ-ն դա չի արել, սպասել է, որ տոներն էլ ավարտվեն և նոր միայն շեփոր է հնչեցնում ինչ-որ գաղտնի համաձայնության ու գնային ագրեսիայի մասին: Տպավորություն է, որ դաշնակցական նախարարները և պատգամավորները որոշել են պահել լոյալության քողը, փոխարենը՝ կառավարությանը կսմթելու ողջ բեռը դրված է այս կուսակցության տնտեսական հետազոտությունների գրասենյակի ուսերին: Վերջերս էլ, դաշնակցական տնտեսագետները կառավարության ուշադրությունն էին հրավիրել շաքարավազի շուկայում առկա մոնոպոլիայի և գերիշխող դիրքի չարաշահման վրա: Այժմ էլ ՀՅԴ-ն ակնարկում է, որ Կարեն Կարապետյանին չի հաջողվում հաղթահարել ո՛չ շաքարավազի, ո՛չ էլ բենզինի շուկայում առկա մոնոպոլիան: ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի հայտարարության տողատակում ակնարկ կա այն մասին, որ եթե վիճակը չշտկվի կամ որ նույնն է` Կարապետյանը ապրիլից հետո շարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, ապա ՀՅԴ-ն կարող է համալրել ընդդիմության շարքերը: Գուցե դաշնակցականներն արդեն իսկ հոգեբանորեն պատրաստվում են իրերի նման զարգացմանը:
Ստելլա Խաչատրյան