Որքան էլ զարմանալի թվա, մինչև այժմ Հայաստանը չի մասնակցել Դավոսի ամենամյա համաշխարհային տնտեսական ֆորումին։ Հայաստանն է անտեսել Դավոսին, թե Դավոսը Հայաստանին՝ փաստն այն է, մենք այս կառույցի հետ, մեծ հաշվով, գործ չենք ունեցել։ Աշխարհահռչակ այս կառույցի աշխատանքները կսկսվեն հունվարի 22-ից։ Առաջին անգամ ֆորումին կմասնակցի Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։ Զուտ տնտեսական այս կառույցի շնորհիվ, որին մասնակցում են հանրահայտ գործարարներ ու շատ երկրների նախագահներ ու վարչապետեր, նաև քաղաքական կարևոր հանդիպումներ են լինում։ Ինչպես հիշում ենք, Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ընդդիմությունը Կարապետյանին հարց ուղղեց, թե ինչո՞ւ մինչեւ հիմա չի այցելել եվրոպական որեւէ պետություն, չի՞ եղել հրավեր, թե՞ ինքը չի ցանկացել: Կարապետյանի պատասխանն իհարկե առաջին հայացքից տարօրինակ էր: Նա հայտարարեց, թե չունեն օրակարգ եւ չի ցանկանում այցելել հենց այնպես: Դրանից մի քանի օր անց վարչապետը հայտարարեց, որ ստացել են հրավեր Դավոսից և արևմտյան գործընկերներին կներկայացնեն իրենց առաջարկները:
 
Դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանից՝ մի քանի անգամ, ընդհուպ առաջին դեմքի մակարդակով, մասնակցելով այդ համաժոովին, Հայաստանը հետո դադարեց Դավոսին բարձր մակարդակով մասնակցելուց, իսկ որոշ ժամանակ անց էլ սկսեց չմասնակցել ընդհանրապես: Ինչո՞ւ է Հայաստանը «վերադառնում» Դավոս: Ըստ երեւույթին, դա լավ օրից չէ, ընդամենը երեկ՝ կառավարությունը որոշեց առաջիկա չորս տարիների ընթացքում օտարել թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի պահուստները: Ինչպես ասում են՝ այնքան վատ օրի ենք, որ տան ոսկեղենն ենք վաճառում: Հետևաբար, այս պայմաններում, հաշվի առնելով Կարապետյանի վարչապետության ընթացքում ձևավորված տնտեսական իրականությունը՝ ի՞նչ ենք մենք առաջարկելու արևմտյան բիզնեսին, ինչպե՞ս ենք փորձելու այն գրավել և բերել Հայաստան: Կա՞ն այդ նախադրյալները: Թերևս՝ ոչ: Սակայն կա խնդրի նաև քաղաքական կողմը: Հարց է առաջանում, թե ի՞նչ է ասելու Հայաստանը Դավոսում, երբ պարզ չէ, թե ով է լինելու Հայաստանի առաջին դեմքը դրանից ընդամենը մի քանի ամիս անց:
 
Այս քայլով Կարապետյանը երկու կարևոր հարց է լուծում, նախ՝ կդադարեն այն խոսակցությունները, որ վարչապետը եվրոպական օրակարգ չունի, որ նրա ազդեցության գոտին սահմանափակվել է միայն Եվրասիական միության շրջանակներում: Եվ իհարկե՝ ամենակարևորը՝ Կարապետյանը ունակ է իր մասնակցությունը դավոսյան ֆորումին՝ նյութականացնել ի դեմս ներդրումների, որոնք կարող են հոսել մեր երկիր, եթե իհարկե՝ պատշաճ առաջարկներ ներկայացնենք: Դրանով Կարապետյանը և՛ իր դիրքերը կամրապնդի, և՛ մեկ քայլ առաջ կանի խոստացած ներդրումների ներգրավման հարցում: Դավոսին վարչապետի մասնակցությունը ակնհայտ մեսիջ է, որ Կարապետյանը փորձելու է նաև արտաքին խաղացող դառնալ, մյուս կողմից՝ սա նախազգուշացում է նաև ռուսական կողմին, եթե վերջիններս ապրիլի «խաղադրույքը» որոշեն դնել Սարգսյանի վրա: Կարապետյանը ցույց է տալիս, որ այդ պարագայում նա կունենա մանևրելու հնարավորություն, չնայած մանևրելու տարածությունը բավականին սահմանափակ է լինելու. ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումից հետո Եվրոպայում կարծես նույնպես հակված են Սարգսյանի թեկնածությանը, ընդգծելով նրա «և-և» -ի քաղաքականության հաջողությունը:
 
 
Ստելլա Խաչատրյան