«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ, երբեմնի ՕԵԿ-ական Արթուր Բաղդասարյանի գործերն այնքան էլ լավ չեն: Բանն այն է, որ նրան պատկանող «Հայասի գրուպ»-ը այս տարվա ընթացքում ընդհանրապես տեղ չի գտել հազար խոշոր հարկատուների ցանկում: Ի դեպ, ընկերությունը միայն անցած տարվա հունվար-հունիսին է պետական բյուջե հարկ վճարել` 62 մլն 105 հազար դրամ: Նշենք, որ հազարերորդ հարկատուն՝ «Դելֆուս» ՍՊԸ-ն, վճարել է 80 մլն դրամի հարկ: Սա էլ քիչ էր Արթուր Բաղդասարյանին՝ նոր և անսպասելի հարվածն էլ եկավ Եվրոպայից: Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, հերթական՝ երրորդ անգամ է մերժում «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարության դիմումը, որով Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը խնդրում է ԵԺԿ-ի համաձայնությունը՝ անդամակցելու այդ կառույցին: ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի անունից «Հայկական վերածնունդ»-ին ուղարկված պատասխանում հայտնվում է, որ ԵԺԿ-ն Հայաստանի կուսակցական և քաղաքական կյանքում չի տեսնում «Հայկական վերածնունդ»-ի կողմից դրսևորվող այնպիսի ակտիվություն, որը թույլ կտա բավարարել ՀՎԿ-ի՝ ԵԺԿ-ին անդամակցելու հայտը: Իսկ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Բաղդասարյանին թվում էր՝ բավական է փոխել կուսակցության անունը, ասել է թե՝ մաքրազերծվել՝ և միանգամից կբարձրանա նաև քաղաքական նոր ուժի վարկանիշը:
Մինչդեռ, «Հայկական վերածնունդ»-ը այս պահի դրությամբ ոչ պակաս վարկաբեկված և հեղինակազրկված է: Գուցե հենց այս հանգամանքն է, որ վրիպել է Բաղդասարյանի սուր հայացքից, երբ նա սրտաճմլիկ նամակ էր հղում եվրոպացիներին: Նամակագրությունն էլ, ի դեպ, լավ օրից չէ՝ Բաղդասարյանը հույս ուներ գոնե եվրոպացիներից շան մազ պոկել՝ հասկանալով, որ Հայաստանում գործերը գնալով վատանում են: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը նույնքան հեռու է Բաղդասարյանից, որքան «Հայկական վերածնունդ»-ը՝ ԵԺԿ անդամակցությունից: ՀՀԿ-ի ներսում Բաղդասարյանը միայն բացասական էմոցիաներ է առաջացնում, և ՀՀԿ վերնախավը որևէ ցանկություն չունի երկրի համար նման կարևորագույն պաշտոնը վստահելու մի մարդու, ում քաղաքական կենսագրությունը ցույց է տվել, որ կարող է միանգամից 180 աստիճանով փոփոխվել: Մնում է միայն, որ Եվրամիության ամենահեղինակավոր կուսակցությունը ՀՎԿ-ին վերցնի իր շարքերը, և Բաղդասարյանը կհայտնվի նոր թրենդի մեջ:
Բայց դե, եվրոպացիներն էլ հիմար չեն և Բաղդասարյանի քաղաքական անցյալին փայլուն ծանոթ են, նրա ներկան էլ առանձնապես լավատեսության առիթ չի տալիս: Հետևաբար, չեն շտապում Բաղդասարյանին գրկաբաց ընդունել եվրոպական քաղաքական ընտանիքում: Գուցե կուսակցապետի համար քաղաքական ակտիվություն է Վանաձորի ավագանիում ռազբորկաները և Արկադի Փելեշյանի վենդետաները, սակայն, ի ցավս Բաղդասարյանի՝ եվրոպացիները, մեղմ ասած, այլ պատկերացում ունեն քաղաքական գործընթացների և դրանցում քաղաքական ուժերի մասնակցության վերաբերյալ…
Ստելլա Խաչատրյան