Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը խիստ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրող Աֆղան Մուխթարլիին 6 տարով ազատազրկելու առնչությամբ:
Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ-ից, Դեզիրը փաստել է, որ հետաքննական լրագրողի դեմ դատարանի որոշումը բացահայտ հարձակում է ազատ մեդիայի դեմ: «Անկախ լրագրողներին լռեցնելու փորձերը չեն կարող երբեք ընդունելի լինել: Հուսով եմ, որ այս վճիռը կվերանայվի»,- ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը, ով նախկինում բազմիցս հորդորել էր Ադրբեջանի իշխանություններին հանել Մուխթարլիի դեմ բոլոր մեղադրանքները:
Աֆղան Մուխթարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2014 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում:
2017 թվականի մայիսին նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առեւանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերեն: Նրան նստեցրել են մեքենա եւ դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը եւ տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ արդեն ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներենով: Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, ինչից հետո Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրել էին գումարի ապօրինի տեղափոխման եւ սահմանը հատելու մեջ:
Հունվարի 12-ին Բաքվի դատարանը Մուխթարլիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: