«Սասնա Ծռեր»-ի խմբից, նրանց աջակցող Հովհաննես Հարությունյանը, որը հրազենային վնասվածք էր ստացել 2016-ի հուլիսի 26-ին, մինչ օրս նորմալ բժշկական հետազոտություն ու բուժում չի ստացել: Այս մասին ահազանգում է նրա փաստաբան Հայարփի Սարգսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում ներկայացնելով ռենտգեն հետազոտության նկարը.

«Սա Հովհաննես Հարությունյանի ռենտգեն-նկարներն են: Ինչպես տեսնում եք, ծնկի ոսկորի մի մասը պոկված է, իսկ մյուս ոսկորներն անկանոն, ոչ ճիշտ սերտաճած, փշրված, երևում են նաև մետաղական բեկորները: Հիշեցնում եմ՝ Հովհաննես Հարությունյանը հրազենային վնասվածքը ստացել է 26.07.2016թ., նույն օրվա ռենտգեն-նկար գոյություն չունի, այս լուսանկարի առաջին կեսում պատկերված է 21.03.2017թ. ռենտգեն-նկար, որն արվել է «Աստղիկ» ԲԿ-ում, իսկ երկրորդ կեսում՝ 09.08.2017թ. անորակ ռենտգեն-նկարը, որն արվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, այնուամենայնիվ, ակնհայտ տեսանելի է, որ ոչինչ չի փոխվել, ինչը բուժում չիրականացնելու արդյունք է:
Բժշկական կոնսիլիումը տեղի է ունեցել 12.04.2017թ., հրապարակում եմ կոնսիլիումից առաջ և հետո արված ռենտգեն-նկարների լուսապատճենները»,-հայտնում է փաստաբանը: