Կառավարությունն առաջարկում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 56, դեմ՝ 31 պատգամավոր:
Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ընդգծեց, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում օրենքի մակարդակով կամրագրվեն տեխնիկական միջոցների օգտագործման հիմքերը, կարգը, տվյալների պահպանման ժամկետները, կապահովվի տեղեկությունների հավաքման և օգտագործման նպատակի լեգիտիմությունը, կհստակեցվեն մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները: «Օրենքում ամրագրված է, որ կսահմանվեն հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից շարժական տեխնիկական միջոցների օգտագործման առանձնահատկությունները: Տեսաձայնագրումը, տեսանկարահանումը և լուսանկարահանումը իրականացվելու են միայն ծառայողական տեխնիկական միջոցներով: Տեխնիկական միջոցներով իրավախախտում հայտնաբերելու կամ ամրագրելու դեպքում ոստիկանության ծառայողը իրավունք չի ունենա ընդհատել կամ դադարեցնել տեսանկարահանումը կամ տեսաձայնագրումը: Օրինագծով կսահմանվի տեխնիկական միջոցների օգտագործման մասին պարտադիր նախազգուշացման պահանջ՝ շարժականի դեպքում բանավոր, անշարժի դեպքում՝ ցուցանակներ տեղադրելու և կայքում հասցեները հրապարակելու միջոցով»,- մանրամասնեց Եղիազարյանը:
Օրենքով կսահմանվեն նաև լուսանկարների ու տեսանյութերի պահպանման ժամկետները, օգտագործման նպատակները, ինչպես նաև կսահմանվի դրանք այլ նպատակներով օգտագործելու, ինչպես նաև հրապարակելու արգելքը: «Հաշվի առնելով տվյալների մշակման համաչափության սկզբունքը՝ նախագծում տվյալների պահպանման ժամկետն ընտրվել է 7 օր, որից հետո դրանք պետք է ոչնչացվեն: Միաժամանակ սահմանվում են այն դեպքերը, երբ տեսանյութերի կամ լուսանկարների ոչնչացումը կարող է տարաժամկետվել: Օրենքի ընդունումից հետո ոստիկանության պետի հրամանով կսահմանվեն նաև տեսանյութերի և լուսանկարների պահոց մուտք գործելու, տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող ոստիկանության պաշտոնատար անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, պահպանելու, դրանք ոչնչացնելու կարգը, տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկը, շարժական տեխնիկական միջոցների օգտագործման վերաբերյալ որոշում կայացնող պաշտոնատար անձանց շրջանակը»,- եզրափակեց Եղիազարյանը: