Այս օրերին քննարկվող ամենաակտուալ թեման ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի հարցն է: Որպես ամենահավանական թեկնածու՝ շրջանառվում է Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի անունը:

Ըստ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի՝ դեսպան Սարգսյանն ունի շատ մեծ շանս ՀՀ հաջորդ նախագահ դառնալու համար, քանի որ դրա համար պահանջվող կարևորագույն հատկանիշներն ունի. «Ինչո՞ւ ոչ, կարող է և նա լինել, չէ՞ որ Արմեն Սարգսյանը նախկինում եղել է ՀՀ վարչապետ և շատ մեծ կապեր ունի ողջ արևմուտքում, իսկ ՀՀ 4-րդ նախագահի ամենակարևոր գործառույթը դրսում նրա ազդեցությունն է լինելու: Այսուհետ ՀՀ նախագահի անելիքն ավելի շատ դրսում է լինելու. նա պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետությունը՝ դրսում»,-ասաց Քոչարյանը: 

 

ԼՈւՐԵՐ.com-ը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է նա գնահատում խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարի այս դիրքորոշումն ու ի՞նչ զարգացումների կարող ենք ականատես լինել, եթե ընդդիմադիր ուժը սատարի իշխանության ներկայացուցչին. «Ընդդիմադիր այդ ուժը երբեք չի թաքցրել, որ միշտ էլ կանգնած է Սերժ Սարգսյանի կողքին: Ես կարծում եմ, որ «Ծառուկյան» դաշինքում կա խնդիր: Դաշինքի անդամները հոգնել են ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն լինելուց: 2012 թվականից այս կուսակցության պատգամավորները չունեն իշխանական լծակ և չեն կարող քննադատել իշխանություններին և, մասնավորապես, Սերժ Սարգսյանին, որովհետև, եթե Սերժ Սարգսյանին քննադատեն՝ կստացվի այն, ինչին ականատես եղանք: Պետք  է նշեմ, որ ասածս չի վերաբերում Գագիկ Ծառուկյանին, խոսքս դաշինքի անդամ պատգամավորների մասին է բացառապես»։   

Դիտարկմանը՝ ՀՀԿ-ի թեկնածուին սատարելու պարագայում «Ծառուկյան» դաշինքն արդո՞ք չի կորցնի ընդդիմադիրի իր տիտղոսը, Կարեն Քոչարյանը պատասխանեց. «Հասարակությունն ինձ համար շատ անհասականալի վարք է դրսևորում. մշտապես իր ձայնի գինը նույնն է պահում, այնպես որ, հասարակությունը նախ իր վարկանիշի մասին պետք է մտածի, թե չէ՝ ստացվում է այնպես, որ անկախ շուկայական գներից, մեզ մոտ գինը նույնն է մնում: Հասարակությունը դեգրադացվել է և այստեղ մենք՝ լրագրողներս նույնպես մեծ դերակատարում ենք ունեցել, մենք  թույլ ենք տվել, որ քաղաքացին իր նշաձողն այդքան իջեցնի»: 

Հիշեցնենք, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ երեկ, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, հարցին՝ հնարավո՞ր է՝ իր ղեկավարած դաշինքը սատարի ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածուին, պատասխանել էր. «Ամեն ինչ հնարավոր է։ Այսօր մենք չգիտենք, թե այդ թեկնածուն ով է, եթե այսօր մեր ժողովուրդը իրավունք է տվել Հանրապետական կուսակցությանը առանց մեզ որոշում կայացնելու, ներկացնելու և ընտրելու, ինչի՞ մասին է խոսքը»։

 

Աղավնի Սուիքասյան