Տաք եղանակը դրական ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության ոլորտի վրա: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման (ՀԱՄ) նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով՝ բարձր ջերմաստիճանը որևէ վտանգ չի ներկայացնում գյուղատնտեսության համար. «Ամեն բան իր հունով գնում է, գյուղատնտեսության վիճակը կայուն է: Մեզ անհանգստացնում են միայն ջրամբարները, բայց կարծում եմ, որ մեկ ամսվա ընթացքում տեղումներ կլինեն, ամեն ինչ իր տեղը կընկնի: Շատ կարևոր է, որ ոռոգման համակարգի ընկերները բարեխիղճ լինեն, ջրի կուտակումները ժամանակին անեն, ջրատարները մաքուր պահեն: Այսօր մեզ մտահոգում են այն ՀԷԿ-երը, որոնք նստած են ջրամբարների ջրի վրա և պարազիտի նման օգտագործում են գյուղացու ջուրը»,- նկատեց նա:
Բերբերյանի գնահատմամբ՝ ներկայիս եղանակային պայմանները բարենպաստ են հատկապես ջերմոցային տնտեսությունների համար. «Այս տարի ջերմոցային տնտեսությունները, անցած տարվա համեմատ, ավելի քիչ էներգատարներ կծախսեն, ինչն էլ կհանգեցնի բանջարեղենի ինքնարժեքի ցածր լինելուն»:
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ ինչպես կանխատեսել էր դեռևս ամիսներ առաջ՝ գարնանը սպասվում է որոշ մթերքների՝ մսամթերքի, կաթնամթերքի, կարտոֆիլի գների բարձրացում. «Կարծում եմ՝ գները չնչին կբարձրանան, ինչը հիմնականում կապված է էներգատարների հետ: Հաջորդ տարի փոքր-ինչ անկում կունենանք, իսկ հիմնական պատճառը անասնակերի բարձր արժեքն է: Մենք ծրագիր ենք մշակել և հույս ունենք, որ հաջորդ տարի այս վիճակը չի լինի»,- ասաց Բերբերյանը:
Սոնա Հարությունյան