Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ թուրքական ԶՈւ-ն սիրիական Աֆրինում քրդերի դեմ գործողություններ իրականացնելուց հետո կարող է ընդլայնել ռազմական գործողությունները և հասնել Եփրատի արևելյան ափին գտնվող Մանբի բնակավայր:
 
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
 
ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի հետ հանդիպումից հետո Չավուշօղլուն նշել է, որ այդ գործողություններն ուղղված են թուրքական սահմաններին ուղղված սպառնալիքները վերացնելուն և որ դրանք կանխարգելիչ բնույթ են կրում:
 
Չավուշօղլուն անդրադարձել է նաև ԱՄՆ կողմից քրդական ուժերին ցուցաբերվող օժանդակությանը և շուրջ 30 հազար քուրդ զինյալներով «Սիրիայի սահմանային անվտանգության ուժերի» ստեղծման՝ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի պլանին և նշել, որ դա սպառնում է թուրք-ամերիկյան հարաբերություններին:
 
«Այս ամենի արդյունքում թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են հասնել մի փուլի, որտեղից հետադարձ այլևս չի լինի»,-նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
 
«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան մտադիր է Սիրիայում ստեղծել սահմանների անվտանգության ուժեր՝ համագործակցելով «Սիրիական դեմոկրատական ուժերի» հետ: Կոալիցիայի մամուլի խոսնակ Թոմաս Վիլը հայտնել է, որ ակնկալվում է, որ ուժերի կազմում ներգրավված է լինելու շուրջ 30 հազար մարդ: Նրանք տեղակայվելու են Թուրքիայի և Իրանի սահմանի երկայնքով: Այս որոշումը խիստ բացասաբար է ընդունվել պաշտոնական Անկարայի կողմից: Խնդրի առնչությամբ հայտարարությամբ են հանդես եկել Թուրքիայի ԱԳՆ-ն, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Էրդողանն ու այլ պաշտոնատար անձինք: «Սիրիական դեմոկրատական ուժեր»-ն ընդդիմադիր դաշինք է, որի կազմում ներառված են մեծապես քրդեր, ինչպես նաև արաբներ և այլ էթնիկ ներկայացուցիչներ:
 
Այն կազմավորվել է 2015 թվականի հոկտեմբերին՝ ԻՊ դեմ պայքարելու նպատակով: Թուրքիայի ԶՈՒ-ն հունվարի 14-ին հրետակոծել է Սիրիայի Աֆրին շրջանում տեղակայված քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» ռազմական թև հանդիսացող YPG դիրքերը: Թուրքական ԶՈՒ-ն YPG դիրքերը հրետակոծել է թուրք-սիրիական սահմանի Հաթայ նահանգի շրջանում: Հունվարի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զորքերը «մի գիշեր հանկարծակի կարող են գալ Աֆրին»: