Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախգիծը, ըստ որի՝ այնտեղից պետք է հանվեր տարածքային ցուցակների ինստիտուտը` կատարելով դրանից բխող այլ փոփոխություններ: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ իրենք մերժում են ԱԺ մի խումբ պատգամավորների այս առաջարկությունը, քանի որ ռեյտինգային ընտրակարգը լավագույնս է բնորոշում մեր երկրի առանձնահատկությունները. «Մեզանում գործող համակարգը համամասնական է և մենք հաշվի ենք առել մեր երկրի առանձնահակությունները: Մեր երկրում գործող ընտրական ցուցակները փակ են 50 տեսակի չափով, իսկ պատգամավորներն առաջարկում են անցնել հարյուր տոկոսով փակ ցուցակներին: Մենք երբ դա անենք՝ կստացվի, որ անձը կընտրի, բայց դեմքով անգամ չի ճանաչի այն պատգամավորին, ով իրեն ներկայացնելու է Ազգային ժողովում, ուստի մեր դիրքորոշումը բացասական է»,- ասել էր նախարարը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով ռեյտինգային ցուցակները հանելուն, նշեց, որ օրեր առաջ նույն հարցով իրենք պաշտոնական նամակ են ուղարկել Կոռուցիայի դեմ պայքարի խորհուրդ և Արդարադատության նախարարություն:
«Որպես քաղաքական կոռուպցիայի նվազեցման քայլերից մեկը՝ հարկավոր է հնարավորինս շուտ հրաժարվել ռեյտինգային ցուցակներից: Մենք տեսանք, որ կոռուպցիան նպաստեց և՛ վարչական ռեուրսի չարաշահմանը, և՛ ընտրակաշառքին: Դրանից ավելի բացահայտ քաղաքական կոռուպցիա չկա»,- նկատեց Հոկտանյանը:
Նրա կարծիքով՝ իշխող կուսակցության միջոցով Հայաստանում ուղղակի չի կայանա բազմակուսակցական համակարգը. «Չնայած ժամանակին նշվում էր, որ նպատակ կա հենց բազմակուսակցական համակարգի կայացման, բայց ընդդիմադիր կուսակցությունների ֆինանսավորումը, ինչպես նաև վարչական ռեսուրսի շարունակական օգտագործումը թույլ չեն տալիս, որ կուսակցությունները մարզերում ուժեղանան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ խրոնիկ հիվանդության պես մի բան է դառնում Երևանից դուրս կուսակցություններ չունենալը:
Նրա խոսքով՝ եթե կուսակցությունները ֆինանսավորման առումով աղքատիկ վիճակում են գտնվում, իրենց ռեյտինգային թեկնածուների համար ուղղակի չեն կարող պայքարել. «Տեսականորեն մեզ մոտ թղթերով ամեն բան նորմալ է, ենթադրում է, որ կուսակցությունները ստանում են բավարար գումար, մարզերում ստեղծում են գրասենյակներ, և երբ գալիս է ընտրությունների ժամանակը, լուրջ պայքար են ծավալում իշխող կուսակցության դեմ: Սակայն իրականությանը նայելով՝ տեսնում ենք, որ կուսակցությունները ոչ գրասենյակ ունեն, ոչ մարդ ունեն, դրան էլ գումարվում է վարչական ռեսուրսի խրոնիկ չարաշահումը, որի արդյունքում մարդիկ նույնիսկ վախենում են այդ կուսակցություններին անդամագրվել, այդ պայմանններում ռեյտինգային ցուցակը դառնում է պատուհաս, այսինքն՝ վեր է ածվում իշխող կուսակցության ռեյտինգային թեկնածուների քողարկված մեծամասնական համակարգի, որով ռեյտինգային թեկնածուներն ընտրվում են»,- նշեց նա:
Սոնա Հարությունյան