Կառավարությունն օրերս հավանություն տվեց ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թթ-ի թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագծին, որով պետությունը, փաստացի, վաճառքի է հանում պետական գանձանակը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով նախարարության այս որոշմանը, նշեց, որ նախարարության այդ քայլը պայմանավորված է այն հանգամանքով, որ պետական պահուստներում պահվող թանկարժեք մետաղները և քարերը ժամանակի ընթացքում կորցնում են իրենց ապրանքային արժեքը, ինչից խուսափելու համար անհրաժեշտ է դրանք վաճառել. «Վաճառքի ենթակա ապրանքներն այս պահին գնահատված են մոտ 1.5 մլրդ դրամ, որը եթե կարողանան գոնե այդ գնով վաճառել, գումարը կուղղեն ոչ թե պետբյուջե, այլ կոնկրետ հաշվեհամարի վրա կփոխանցեն, որից հետո ավելի հեշտ իրացվելի ապրանքներ ձեռք կբերեն»:
Փոխնախարարը նշեց, որ թանկաժեք իրերի վաճառքից ստացված գումարով նախատեսվում է ոսկու ձուլակտորներ ձեռք բերել:
Փոխնախարարը նաև հավելեց, որ ՀՀ պետական գանձարանում առկա են երկու խումբ ապրանքներ: Առաջին խումբը պատմամշակութային արժեք ներկայացնող ապրանքներն են, որոնք չեն գնահատվում, չեն վաճառվում, իսկ
երկրորդ խումբ ապրանքների մեջ մտնում են գնահատվածները, որոնք կարող են և վաճառվել. «Երկրորդ խումբ ապրանքատեսակների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1.9 միլիարդ դրամ»:
Արմեն Հայրապետյանի խոսքով՝ Պետական գանձարանում կուտակվում են միայն բարձր լիկվիդայնություն ունեցող, պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներ և թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրեր:
Փոխնախարարը նաև հավելեց՝ գանձապետարանում կուտակված իրերը կարող են վաճառվել արտակարգ իրավիճակներում կամ այնպիսի դեպքերում, երբ պետությունը փողի խնդիր է ունենում:
Լրագրողների հարցին՝ ժամանակին Հայաստանի ԿԲ-ը վաճառեց իր պահուստում առկա ոսկին, քանի որ որոշվել էր, որ լիկվիդային ապրանք չէ, Արմեն Հայրապետյանը պատասխանեց. «Երբ ուզում եք եկամուտ ստանալ, դժվար է ոսկով ավելացնել ռեզերվները: Անհաջողությունն այն էր, որ երբ ոսկին վաճառվեց, ոսկու գները բարձրացավ: Հետ նայելով՝ հեշտ է քննադատելը»:
Հիշեցնենք, որ 2003 թվականին Հայաստանը, որպես պահուստ, ուներ 1 տոննա 396 կիլոգրամ ոսկի: Հենց այդ տարվա վերջին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց վաճառել այդ ոսկին: Մեկ տրոյական ունցիայի գինը Նյու Յորքի բորսայում այդ ժամանակ 400 դոլար էր, եւ հենց այդ գնով էլ մեր ամբողջ ոսկին վաճառվեց: Հասույթը կազմեց 17 միլիոն 800 հազար դոլար: