Մենք միշտ ողջունել ենք քաղաքական միավորումները գաղափարի շուրջ, ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի կամ ինչ-որ գործընթացի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Եթե կան ինչ-որ ընդհանուր մոտեցումներ որեւէ գաղափարի կամ ծրագրի վերաբերյալ, ապա կարելի է միավորումը դրական գործընթաց համարել: Ինչ վերաբերում է «Ժառանգություն», ԲՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների հանավական միավորմանը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, ապա փորձը ցույց է տալիս, որ դեռ չկայացած երեւույթներին հապշտապ գնահատականներ տալը այնքան էլ շնորհակալ գործ չէ»,-ասաց պատգամավորը:
Հարցին, թե ԲՀԿ-ն կնախընտրի առանձի՞ն մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, Սահակյանը պատասխանեց. «Ես երբեք ինձ վրա պատասխանատվություն չեմ վերցրել խոսել այլ կուսակցության փոխարեն: Թող նրանք պատասխանեն այդ հարցին, Մեզ համար տարբերություն չկա, քանի որ մենք մեր գործն ու ծրագրերն ունենք, որոնք պատրաստվում ենք մոտ ապագայում իրագործել»,-հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նա նաեւ հավելեց, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում բավական լուրջ թիմ է ներկայացված: «Ցուցակը գլխավորում է Երեւանի ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով բավական հարուստ փորձ ունի տեղական ինքնակառավարման մարմիններում: Վերջին ժամանակներս նրա կողմից իրականացվող ծրագրերն ու քայլերը պետք է Տարոն Մարգարյանի թիմի նկատմամբ վստահության հիմք դառնան: Երեւանի քաղաքապետը մտածում է ժողովրդի մասին»,-ամփոփեց Սահակյանը:
Նշենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր NEWS.am-ին հայտնել է, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ԲՀԿ-ի համամասնական ցուցակն արդեն պատրաստ է, որը գլխավորում է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Հարցին, թե ի՞նչ ընթացք են ունենալու քաղաքական խորհրդակցությունները «Ժառանգության» եւ Դաշնակցության հետ հնարավոր դաշինքով ընտրություններին մասնակցելու շուրջ, Զոհրաբյանը պատասխանեց. «Այո մենք մշտապես խոսել ենք եւ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բազմից իր հրապարակային ելույթներում խոսել է առավել լայն կոնսոլիդացիայի մասին: Մենք այժմ էլ պատրաստ ենք: Եթե կլինի առավել լայն համախմբում ԲՀԿ-ի առանցքի շուրջ, մենք պատրաստ ենք քննարկել այդ առավել լայն կոալիցիայով, առավել լայն դաշինքով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը: Համենայնդեպս մեր համամասնական ցուցակը պատրաստ է եւ մենք մասնակցելու ենք ընտրություններին ունենալով հաղթանակի նշաձող»: