Հայաստանի զարգացման հիմնադրամը պատրաստ է աջակցել գործարարներին, բայց զարգացման հիմնական լոկոմոտիվը գործարարն ինքն է լինելու: Այս մասին հունվարի 19-ին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Հանդիպման ընթացքում Գյումրիի և Շիրակի մարզի գործարարներին, ՏՏ ոլորտի ձեռնարկատերերին, ստարտափերի ներկայացուցիչներին և ուսանողներին Ավակյանը ներկայացրեց Հայաստանի զարգացման հիմնադրամի կառուցվածքը, գործառույթները, աջակցության գործիքները։ ՀԶՀ ղեկավարը շեշտեց բիզնեսին մատուցվող հետսպասարկման ծառայությունները և Գործարարության աջակցման ակումբի աշխատանքը։ Հանդիպման մասնակիցներին նաև ներկայացվեց արտահանման խթանման և ներդրումների ներգրավման աշխատանքները, որոնք ՀԶՀ վաճառքի, մարքեթինգի և ծրագրերի թիմերի հետ միասին մեծապես խթանում են աշխարհի արդեն 26 երկրում գործող ՀԶՀ 30 պաշտոնական ներկայացուցիչները և գործընկերները։ «Ձեր փոխարեն ոչ ոք ձեր մտքերն ու գաղափարները չի իրագործելու, եթե դուք ունեք նախագծեր, բիզնես ծրագրեր, ապա առաջին հերթին դու՛ք պետք է պայքարեք ու քայլեր ձեռնարկեք դրանց իրագործման համար։ Հիմնադրամը միայն կարող է օգնել և իր աջակցությունն առավելագույնս է տրամադրելու։ Ուստի, եթե ունեք լավ ծրագրեր, պատրաստ եք ջանքեր գործադրելու և դրանք բիզնես դարձնելու, Գյումրիում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ՝ ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանի միջոցով դիմեք հիմնադրամին»,- նշեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։Մինչ գործարարների հետ հանդիպումը, ՀԶՀ ղեկավարը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ներկայացնելով Հայաստանի զարգացման հիմնադրամի գործունեությունը նշեց, որ հիմնադրամը գործունեության 2 նպատակ ունի՝ արտահանում և արտասահմանյան ներդրումների ուղորդումը Հայաստան: «Հենց այս երկու նպատակների շրջանակում էլ մենք կարող ենք աջակցել: Հայաստանում տնտեսության զարգացման համար պետք է զարգացնենք կլաստերային սխեմա»,-նշեց պատասխանատուն՝ կարևորելով Գյումրիում այն երկու ոլորտները՝ ՏՏ և թեթև արդյունաբերության, որոնցով կարելի է զարգացնել Հանրապետության երկրորդ քաղաքը: Արմեն Ավակ Ավակյանը տնտեսության զարգացման գործում նաև կարևորեց թվայնացման գործընթացը, որը չնայած որոշ չափով բարդ բայց անչափ կարևոր գործընթաց է։ Արմենուհի Մխոյան