Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կայացավ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վիպակի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյանը:

«Այս ստեղծագործությունն Էքզյուպերիի՝ իմ ամենասիրած գործերից է, առանձին էջեր ցնցում են իրենց բանաստեղծականությամբ: Ամբողջ ընթացքում մենք հետևում ենք հերոսների ճակատագրին, երբեմն մասնակից դառնում նրանց ապրումներին: «Գիշերային թռիչքի» կերպարները հավատում են սխրանքին, հերոսությանը: Էքզյուպերին պատկերում է անվերջանալի ինքնահաղթահարումը՝ որպես ներքին կատարելության ուղի»,-նշում է գրքի թարգմանիչը:

 

«Թեև Անտուան դը Սենտ-Էքզյուպերին Հայաստանում հայտնի է «Փոքրիկ իշխան» վիպակով, բայց բազում արժեքավոր գործեր ունի, որոնցից արդեն իսկ հայերեն թարգմանությամբ ընթերցողին ենք ներկայացրել «Մարդկանց երկիր» վեպը: Այս անգամ մենք հայ ըներցողի դատին ենք հանձնում «Գիշերային թռիչք» վիպակը, որը գեղարվեստական առումով չի զիջում հեղինակի մյուս ստեղածագործություններին»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Շուշանիկ Թամրազյանը թարգմանում է նաև Էքյզուպերիի «Ռազմական օդաչուն», «Նամակ պատանդին» և «Միջնաբերդը» ստեղծագործությունները, որոնք լույս կտեսնեն հաջորդիվ: 

«Գիշերային թռիչք» վիպակն Էքզյուպերիի երկրորդ արձակ ստեղծագործությունն է: Փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրեն Ռիվիերն ու իր գործընկերները պայքարում են հանուն գիշերային թռիչքների, որոնք անիմանալի խիզախում են պահանջում օդաչուներից: Վիպակում պատկերված են կյանքի և մահվան սահմանեզրին կանգնած մարդու ապրումները, մահը ժխտող անխորտակ հույսը: Այն առաջին անգամ լույս է տեսել 1931 թվականին Գալիմար հրատարակչությունում, նույն թվականին արժանացել է «Femina» գրական մրցանակին՝ համընդհանուր ճանաչում բերելով հեղինակին: